Տնտեսություն գլխավոր 

Աջափնյակում մետրոյի երկու կայարանների կառուցման նախագծային աշխատանքների իրականացման փուլում է

Աջափնյակում մետրոյի երկու կայարանների լինել-չլինելու հարցը հստակեցվելու է տարեվերջին:

«Աջափնյակում մետրոյի երկու կայարանների կառուցումը մեծ գումարների հետ է կապված և այդ կապակցությամբ մենք խորհրդատու ենք վարձել, ինչպես նաև համագործակցում ենք միջազգային բանկերի հետ: Մենք պետք է ունենանք այդ կայարանների կառուցման նախագիծն ու նախահաշիվը, որն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը դրամաշնորհ է հատկացրել, որպեսզի հստակ պատկերացում ունենանք, թե ինչ չափի գումարներ են մեզ անհրաժեշտ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ ներկա դրությամբ Երևանի քաղաքապետարանն Աջափնյակում մետրոյի երկու կայարանների կառուցման նախագծային աշխատանքների իրականացման փուլում է:

«Ես կարծում եմ, որ մինչև տարեվերջ մենք արդեն որոշակի պատկերացում կունենանք այդ ծրագրի արժեքի վերաբերյալ: Եթե նախահաշիվը կազմելուց հետո պարզվի, որ կարող ենք դա իրականացնել, ապա մենք կբանակցենք միջազգային բանկերի հետ`պահանջվող ֆինանսական միջոցները հայթայթելու համար, քանի որ մեզ համար էլ է շատ ցանկալի, որ Աջափնյակում մենք ունենանք մետրոյի այդ երկու կայարանները»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը։

Աջափնյակի «Արագած» կինոթատրոնի մոտակայքում Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի մոտակայքում 1988 թվականին սկսվել էր Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթի շինարարությունը: Ըստ նախագծի՝ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից Հրազդանի կիրճով գնացքը պետք է հասներ մինչև Աջափնյակում կառուցվող երկու կայարանները, որոնք պետք է շահագործման հանձնվեին մինչև 1990 թվականը:

Սակայն, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթի շինարարությունը դադարեցվեց:

Նույն շարքից