Ծնվել է Օրջոնիկիձեում (Վլադիկավկազ): Եղել է դերասանուհի Ժասմեն Մսրյանի եղբայրը: Միջնակարգ կրթությունն ստացել է Ալավերդու ռուսական դպրոցում: 1961թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1961-67թթ, որպես դերասան, աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: 1970թ-ից աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Թատերական գործունեության ընթացքում մարմնավորել է հայ և համաշխարհային գրականության մի քանի տասնյակ գլխավոր հերոսների: Անմոռանալի դերերից են` Համլետ` Շեքսպիրի «Համլետ», Ալեքսեյ` Դոստոևսկու «Խաղամոլը», Հերոստրատ` Գորինի «Մոռանալ Հերոստրատին», Միհրդատ Պոնտացի` Զեյթունցյանի «Աստվածների կանչը», Վոյնիցկի` Չեխովի «Քեռի Վանյա» և այլն: 1972թ-ից նկարահանվել է կինոյում` «Վերադարձ» («Հայֆիլմ»), «Պագանինի» («Բուլղարֆիլմ» և «Մոսֆիլմ»), «Պտտահողմ» («Տաջիկֆիլմ»), «Լռության սիմֆոնիա» (Հայաստանի ազգային կինոկենտրոն) և այլն: 1987թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Եղել է Պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացի» պետական շքանշանի մեդալակիր: Կյանքից հեռացել է Երևանում, արյան քաղցկեղից:
Վլադիմիր Մարյան