Հայաստան Քաղաքական 

Մայդանի հետ համեմատությունը տեղին չէր․ Զարուհի Փոստանջյան

ՀՀ ոստիկանությունը ոչ թե բարեփոխվել է և այդ պատճառով է, որ հանդուրժում է Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը, այլ պարզապես հրաման չունի ուժ կիրառելու։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ընդգծելով, որ նստացույցի առաջին օրվա առավոտյան ոստիկանության գործողությունները օրենքից դուրս էին։

Ըստ պատգամավորի, որպեսզի ոստիկանությունը չկարողանա ուժ կիրառել քաղաքացիների վրա, պետք է  լինի համատարած, բոլոր քաղաքների հրապարակներում պետք է դիմադրություն լինի։

Հարցին, թե միջազգային լրատվամիջոցները համեմատություն տարան Բաղրամյան պողոտայի դեպքերը ուկրաինական «Մայդանի» հետ, ինքը նմանություն տեսնո՞ւմ է, պատասխանեց. «Մայդանի հետ համեմատությունը տեղին չէր, որովհետև երբ երկրում մեկ միլիոն մարդ աղքատության մեջ է, նշանակում է խնդիրը իշխանության մեջ է»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակին, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը մինչև ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ, իսկ որոշ մարդիկ այդպես էլ չհեռացան պողոտայից, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես չեմ գնահատում իրավիճակը որպես բաժանում, ավելին՝ սա դրական է։ Երիտասարդները կարող են սխալվել, բայց կարևորն այն է, որ մնալու մասին կայացված որոշումը հաղթանակ էր։ Բոլոր նրանք, ովքեր մտածել են, թե պետք է հեռանան, հետ են դառնում, հետևաբար սա ճիշտ գործընթաց է։ Բանավեճը տվեց իր լուծումը»։

Նույն շարքից