Դանիլը փայլուն ապացույցն է այն բանի, որ մարդը սեփական խելքով կարող է դառնալ միլիարդատեր: Ծնվել է Մոսկվայում, 1971 թվականին: 1994 թվականին ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը: 2000-2002 թվականներին աշխատել է Միխայիլ Գուցերիևի ենթակայության ներքո «Славнефть» ընկերությունում: 2001 թվականին Դանիլը, իր գործընկերների հետ միասին, պետությունից ձեռք է բերում «Ռոսգոսստրախ» ընկերության բաժնետոմսերի 75%-ը, ինչը և սկիզբ է դնում նրա աննախադեպ հաջողությանը: 2010 թվականին նա գնում է բաժնետոմսերի մնացած 25%-ը:
Կարողությունը: Դանիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Հետաքրքրասերների համար նշեմ, որ նա առաջին տարին չէ, որ միլիարդատեր է և արդեն 6 տարի շարունակ տեղ է զբաղեցնում ռուսական Ֆորբսի ամենահարուստ մարդկանց ցանկում: 2009 թվականին ֆինանսական ճգնաժամի պատճառով նրա գործերը կտրուկ վատանում են (թերևս, ինչպես և բոլորինը ֆինանսական աշխարհում), սակայն հաջորդ տարիներին «Ռոսգոսստրախ»-ը կրկին ամուր ոտքերի վրա է կանգնում:
- 2011 – 1,5 միլիարդ, 71-րդ տեղը Ռուսաստանում և 833-ը աշխարհում
- 2010 – 1,2 միլիարդ, 55-րդ տեղը ՌԴ
- 2009 – 400 միլիոն, 99-րդ տեղը ՌԴ
- 2008 – 2 միլիարդ, 51-րդ տեղը ՌԴ
- 2007 – 1,3 միլիարդ, 51-րդ տեղը ՌԴ
- 2006 – 760 միլիոն, 65-րդ տեղը ՌԴ
Գործունեությունը: Դանիլի սկզբնական կապիտալը ձևավորվում է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Սակայն նավթային բիզնեսը նրան այդքան էլ չէր հետաքրքրում, այդ պատճառով էլ նա որոշում է անցնել ապահովագրության ոլորտ: Որոշումը թեև ռիսկային էր, բայց Դանիլը վստահ էր իր ուժերի վրա և հետագա տարիները դրա վառ ապացույցն էին: 2004 թվականին Դանիլը նշանակվում է «Ռոսգոսստրախ»-ի գլխավոր տնօրեն: «Коммерсант» թերթը ապահովագրություն բաժնի լավագույն ղեկավարների ցանկում երկրորդ տեղը տվել է Դանիլ Խաչատուրովին: Այնպես որ, Դանիլը ռուսական ապահովագրության կնքահայրերից է: Իմիջիայլոց, 2010 թվականին տված հարցազրույցներից մեկում Դանիլը նշել է, որ մոտակա ժամանակներս «Ռոսգոսստրախ»-ը դառնալու է Հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատարը: