Աշխարհահռչակ հայերի շարքում իր ուրույն տեղն ունի մեր հայրենկից Յուլյա Դալաքյանը, ով կանացի նորաձև հագուստի դիզայներ է: Յուլյան հայտնի դիզայներ, մոդելավորող Վյաչեսլավ Զայցևի աշակերտուհին։
Իր հարցազրույցներից մեկում Յուլյա Դալաքյանն ասել է . «Հայրս հայ է՝ Արցախից, մայրս ռուս՝ իսկական շիկահեր գեղեցկուհի։ Հորս մասնագիտությունն անմիջականորեն կապված էր նորաձևության հետ՝ դերձակ էր՝ լավագույն դերձակներից, կարում էր Զինգերի արվեստանոցում։ Ես դեռ հինգ տարեկանում գիտեի՝ ինչ էի դառնալու, թեպետ ինձ փորձում էին այլ բաներ սովորեցնել։ Այդ ժամանակ սա ձեռնտու մասնագիտություն չէր, այս ոլորտ մտնելու համար ծանոթություններ էին պետք, իսկ դրանք չունեինք»:
Յուլյա Դալաքյանն իր նորաձեւության տունն ունի 1989 թվականից: Դիզայներն այսօր էլ շարունակում է գրոհել նորաձեւության աշխարհը:
Սակայն մինչ անհատական հավաքածուն ստեղծելն աշխատել է Իտալիայում՝ «Ես ընդունվեցի ինստիտուտ և անշեղորեն գնացի այդ ճանապարհով. երաժշտությունից վատ չէի, պատմվածքներ էի գրում, որ տպագրվում էին, սակայն սիրում էի նկարել հագուստ։ Ինստիտուտի երկրորդ կուրսում ամուսնացա և մինչ հիմա անձնագրով Սոլովյով եմ, սակայն բոլորն ինձ գիտեն՝ որպես Դալլաքյան։ Ես չփոխեցի հայկական ազգանունս, քանի որ հայրս իմ ամենասիրելի մարդն է։ Երբ ընդունվում էի ինստիտուտ, ինձ ասվեց. «Լավ եք պատրաստված, ամեն ինչ շատ լավ է, բայց Ձեր ազգանունն այնքան վատն է, որ միշտ խնդիրներ կունենաք։ Թեպետ ես լավ էի սովորում, բայց արտասահման մեկնում էին ռուսական ազգանուն ունեցողները»,- նշել է նա։
Յուլյա Դալաքյանը ոչ միայն չի փոխել իր ազգանունը, այլև՝ «Դալաքյան» է կոչել իր բրենդը։ Նա մեծ հաջողությունների է հասել եվրոպական պոդյումներում, այժմ նրա հեղինակած զգեստները հայտնի են նորաձևության աշխարհում, և մինչ տարեվերջ նա կազմակերպելու է իր մոդելների առաջին արտադրությունը։ «Խորհրդային տարիներին կար կարծրատիպ, որ եթե Ռուսաստանում հայի ազգանունով ինչ-որ բանի հասել ես, ուրեմն գնել ես կամ ծանոթով ես արել։ Շատ բաներ էին խոսում, սակայն ես անում էի իմ գործը, իսկ երբ Միլանում ոսկե մեդալ, ստացա, այստեղ ուղղակի ստիպված էին հաշտվել իմ գոյության ու գործունեության հետ»,- պատմել է մոդելյերը։
Այսօր «Դալաքյան»-ը բավական կայուն ընկերություն է՝ մշտական հաճախորդներով, այլ ընկերությունների համար դիզայներական տարբեր պատվերներ կատարելով։ Սակայն ընկերության միակ դիզայները շարունակում է մնալ Յուլյա Դալաքյանը, քանի որ հաճախորդները ցանկանում են աշխատել միայն իր հետ՝ ոչ օգնականների։
Այստեղ հագնվում են բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, արվեստագետներ և հեռուստահաղորդավարներ։ «Դալաքյան»-ը ոչ միայն հեղինակային հագուստներ է կարում, այլև դրանց հետ տրամադրում անհրաժեշտ բաղադրիչները՝ զարդեր, կոշիկներ։
«Եթե շատ լավ կոշիկ է պետք, պետք է պատվիրել հայերի մոտ. այստեղ բոլորը դա գիտեն։ Այդ ավանդույթը ձևավորվել է դեռ ուսման տարիներին, երբ կոշիկի ֆակուլտետում հայ տղաներ էին սովորում։ Նրանց հետ էլ արեցի առաջին հավաքածուն։ Եվ այդպես մինչև հիմա»,- նշել է նա։
Դիզայների հերոսուհիներն են ինքնավստահ, ինքնաբավ եւ միեւնույն ժամանակ ռոմանտիկ կանայք: Հավաքածուն կրող կերպարները հիշեցնում են մեծ քաղաքներում բնակվող կանանց, որոնք վայելում են կյանքի ամեն վայրկյանը: Հավաքածուով Յուլյան կոչ է անում «հույս ունենալ, հավատալ ու սիրել»: