Հասարակություն 

Նոր Նորք վարչական շրջանը համագործակցում է Գեղարքունիքի մարզի հետ

analitik.am

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ տարեսկզբին հուշագիր ստորագրվեց Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Օրերս Երևանում էր Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Պատվիրակությունն աշխատանքային հանդիպում և քննարկում է ունեցել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և աշխատակազմի բաժինների պատասխանատուների հետ: Գեղարքունիքի մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում եղել են մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:

Կողմերը քննարկել են Նոր Նորք – Գեղարքունիք համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք հարցեր: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկել է առաջիկա ամիսներին Նոր Նորք վարչական շրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների 10-11 տարեկան երեխաների ամառային հանգիստը Սևանի ափին կազմակերպելու ծրագիր իրականացնել, ինչպես նաև Նոր Նորքում ստեղծել Գեղարքունիքի մարզի պտղատու ծառերով այգի: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, իր հերթին առաջարկել է Գեղարքունիքի մարզում ստեղծել «Նոր Նորք» անունը կրող պուրակ, որը կլինի լիակատար հանգստի գոտի և կխորհրդանշի Գեղարքունիքի ու Նոր Նորքի բարեկամությունը:

Նույն շարքից