Հասարակություն 

Դորա Սերվիարյան-Կյունը

Դորա Սերվիարյան-Կյունը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: Նրա առաջին ելույթը եղել է չորս տարեկանում: 13 տարեկանում դառնալով Բեյրութի Ամերիկյան համալսարանի Երաժշտական դպրոցի դաշնակահարների մրցույթի առաջին մրցանակակիրը` հետագայում նա երաժշտական կրթությունը շարունակել է Նյու-Յորքի Ռոչեստեր Արևելյան երաժշտական դպրոցում և բակալավրի իր կոչումն ստացել Ռոչեստերի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի կատարմամբ: Մագիստրոսական կրթութունն անցել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:


Իր ստեղծագործական կյանքի ընթացքում հանդես է եկել Միացյալ նահագների, Ասիայի և Լատինական Ամերիկայի բազմաթիվ նվագախմբերի հետ, այդ թվում՝ Բոստոն-Փոփսի, Շանհայի սիմֆոնիկ, Չինաստանի Ազգային սիմֆոնիկ, Չինաստանի Ֆիլհարմոնիկ (Պեկինի Արգելված քաղաք համերգասրահում կատարել է Խաչատրյանի և Գրիգի կոնցերտները), Սեուլի Ֆիլհարմոնիկ, Օսթինի, Կոլորադոյի, Յուտայի և Լոնգ Բիչ սիմֆոնիկ, Վենեսուելայի, Չիլիի և Մեխիկոյի ազգային նվագախմբերի հետ: Սերվիարյանը Նյու Յորքի Կարնեգի Հոլում ելույթ է ունեցել Ռուսաստանի Ֆիլհարմոնիա նվագախմբի հետ Արամ Խաչատրյանի հարյուրամյակի շրջանակներում: Որպես Ամերիկան ներկայացնող մենակատար՝ երկար տարիների ընդմիջումից հետո առաջին անգամ հենց Դորա Սերվիարյան Կյունն է հանդես եկել Կուբայի և Վիետնամի Ազգային նվագախմբերի հետ:


Միջազգային հանրությանը հայտնի լինելով որպես Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի առաջատար մեկնաբան` Դորա Սերվիարյան-Կյունը (1996թ. ASV-ում) իրականացրել է ստեղծագործության ձայնագրությունը Հայաստանում: Թողարկված ձայներիզն առանձնանում է իր լիարժեք հայկականությամբ. մասնավորապես` ձայնագրությունն իրականացվել է Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Դորա Սերվիարյան-Կյունին նվագակցում է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ:

 

Նույն շարքից