Հասարակություն 

Հրանուշ Հակոբյանն ընդունել է արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և արգենտինաբնակ դուդուկահար Գագիկ Գասպարյանի՝ օգոստոսի 20-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:


Գագիկ Գասպարյանն Արգենտինա է մեկնել 1997 թվականին: Այստեղ նա ինչպես ստեղծագործական, այնպես էլ հայապահպանությանն ուղղված գործունեություն է ծավալում: Երաժիշտն իրականացրած բազմաթիվ ծրագրերով ճանաչելի է դարձնում հայ մշակույթն ամբողջ Լատինական Ամերիկայում:


Գագիկ Գասպարյանն առաջինն է եղել, որ արտերկրում սեփական միջոցներով Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշակոթող է կառուցել, ինչի համար արժանացել է Արցախի Ազգային ժողովի հուշամեդալի:


Հայ երաժիշտը բազմաթիվ պարգևներ ու մրցանակներ է ստացել նաև Արգենտինայի պետության կողմից:


Գագիկ Գասպարյանն առաջին անգամ արգենտինական ֆիլմերում կիրառել է  հայկական դուդուկի երաժշտությունը: Նա տարբեր ազգերի երաժիշտների հետ թողարկել է միասնական՝ 50 և անհատական 4 ձայնասկավառակ, որոնք վաճառվում են աշխարհի շուրջ 45 երկրներում: Սկավառակներից մեկը նվիրված է Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին, իսկ դրա վաճառքի իրավունքը նվիրել է «Հայաստան» հիմնադրամին, որպեսզի հասույթը փոխանցվի Արցախի օգնության ծրագրերին:


Գագիկ Գասպարյանը նաև 30 օտարազգի և 2 հայ աշակերտ ունի: Նա օգնում և համագործակցում է Կորդովա քաղաքի «Գուսան» ազգային նվագարանների համույթի հետ:

 

Նույն շարքից