ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողովի ստեղծմանը, որը կիրականացվի Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում:
Կառավարությունը նաև հաստատեց հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց ծրագրի մի քանի կարևոր բաղադրիչներ: Մասնավորապես, նախարարը նշեց, որ առաջին կարևոր բաղադրիչն է 10 մլն դոլարի չափով պետական բյուջեին հատկացվող գումարը:
«Եթե ծրագիրը կատարվի բարեհաջող և ունենա արտահանման ծավալների աճ, մինչև 2020թ-ը գումարը 2.8 մլրդ դոլարից կարող է աճել մինչև 3.3 մլրդ դոլարի չափով: Երկրորդ՝ այլ երկրներում առևտրական ներկայացուցչությունների ստեղծումն է, երրորդ՝ աջակցություն արտահանողերին, և վերջինը՝ որակի ազգային ենթակառուցվածքի արդիականացումն է»,-ասաց նա:
Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ վերջինը ենթադրում է յոթ նոր լաբորատորիաների հիմնում՝ Չափագիտության ազգային ինստիտուտում, Ստանդարտների ազգային ինստիտուտի կարողությունների ավելացում: