Գլխավոր Ռազմական 

Լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում մարտական հերթապահության կրման պայմաններին. Ս․ Օհանյան

analitik.am

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությունը նվիրված էր 2015թ. հունիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների արդյունքների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:

Ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել հաշվետու ժամանակահատվածում զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական, զորահավաքային պատրաստականության միջոցառումների, հանկարծակի ստուգումների, ցուցադրական զորախաղերի, ինչպես նաև շտաբային մարզումների և ամփոփիչ հսկողական ստուգումների արդյունքների վրա:

Հատուկ անդրադարձ է կատարվել հատկապես ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացված բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններին, ամփոփիչ ստուգումներին և արտապլանային շտաբային մարզումներին: Դրանց արդյունքների և ընդհանուր գնահատականի վերաբերյալ զեկույց ներկայացրել է ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ով փաստել է, որ զորավարժություններին ներգրավված ստորաբաժանումներն ու ստուգված զորամասերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերվելու և առաջադրված խնդիրները կատարելու ունակ են:

Խորհրդակցությունը նաև արձանագրվել է, որ անցած ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են նախատեսված միջոցառումները:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկաներին հորդորել է շարունակել լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության բարձրացմանն ուղղված միջոցառումներին, մարտական հերթապահության կրման պայմաններին, ինչպես նաև սահմանային ծառայության իրականացման առանձնահատկություններին: Հետագա անելիքների վերաբերյալ առաջադրվել են մի շարք խնդիրներ և նախանշվել են առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Նույն շարքից