Հայ գործարար Լևոն Հայրապետյանը խնդրել է լիազորությունների չարաշահման վերաբերյալ գործ հարուցել հետաքննչական խմբի ղեկավար փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
Պաշտպանի խոսքով՝ «գործի նյութերից պարզ է դարձել, որ հետաքննիչ Վեսելևը 2014 թ. սեպտեմբերի 8-ին ոստիկանությանը հրահանգել է փաստաբանների նկատմամբ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր իրականացնել, մասնավորապես, պարզել ավտոմեքենաների տեղաշարժի երթուղին և տեղեկություններ ստանալ նրանց ունեցվածքի մասին»:
Իսկ այդ հրահանգի իրավունքը կարող էր տալ միայն դատարանը։ «Վեսելյովը միանշանակ չարաշահել է իր լիազորությունները, հատկապես որ փաստաբաններն այս գործով չէին անցնում ո՛չ պաշտպանական, ո՛չ մեղադրական կողմերից»,-ասել է Մարգարյանը։
«Հայրապետյանը քրեական գործի նյութերին ծանոթանալու գործընթացում հայտարարություն է տվել Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի անունով հետաքննչական խմբի ղեկավարի՝ փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ Ռուսաստանի ՔՕ 286 հոդվածի համաձայն քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ասել է պաշտպանը:
Հայրապետյանի պաշտպանները նաև մտադիր են դիմել Փաստաբանների դաշնային պալատի և Մոսկվայի փաստաբանական պալատի ղեկավարությանը՝ փաստաբանների նկատմամբ անօրինական գործողությունների դադարեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով: