Ամերիկահայ գրող, բանաստեղծ Փիթեր Բալաքյանը հոդված է գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ The Guardian թերթի մեկնաբանությունների բաժնում` ներկայացնելով, թե ինչպես և ինչ պատճառներով է 100 տարի առաջ իրականացվել ցեղասպանությունը:
Պատերազմից հետո հայերի բնաջնջման մերժումն առասպելներից մեկն է, որի վրա հիմնված է ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը: Հայերի հետ տեղի ունեցածը համարվել է նրանց իսկ մեղքը, և այս թեման տաբու է դարձել, գրում է հեղինակը:
Բալաքյանը գրում է, որ Թուրքիայի կրթական համակարգում հայկական անցյալի ներկայացումը կամ բացակայում է, կամ նվազեցված է մի քանի նախադասության, որտեղ հայերը բացասաբար են ներկայացված: Թուրքիայի ավտորիտար ուսումնական ծրագիրը համապատասխանում է երկրում ինտելեկտուալ ազատության ճնշմանը, որի պատճառով Թուրքիան ունի մարդու իրավունքների վերաբերյալ ամենավատ բնութագրերից մեկը:
Շարունակական մերժումը կապված է նաև փոխհատուցման վախի հետ: Ի՞նչ օրինական փոխհատուցում կարող է լինել կորցրած հայկական սեփականության և հարստության կամ ավերված 2.500 հայկական եկեղեցիների ու վանքերի և մոտ 2.000 դպրոցների համար:
Թուրքիան ազգային հպարտությունն ավելի վեր է դասել պատմական ճշմարտությունից, գրում է Բալաքյանը:
Թուրքիայի մերժողական քաղաքականությունը տարբեր միջոցներով է իրականացվում: Այս տարի ցեղասպանության հիշողությունը թուլացնելուն ուղղված մարտավարություններից մեկն է եղել ապրիլի 25-ի փոխարեն ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված միջոցառում կազմակերպելը: Բալաքյանի կարծիքով՝ այդ պատճառով է այդքան կարևոր եղել այն փաստը, որ Հռոմի պապը հաստատել է, որ հայերի կոտորածը եղել է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»՝ չնայած Թուրքիայի հռետորաբանությանը, որի համաձայն Պապի կողմից «ցեղասպանություն» բառի օգտագործումը ճգնաժամ կառաջացնի մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Հռոմի պապը բարոյական հարցն է՛լ ավելի խորն է ներկայացրել, երբ խոսել է Թուրքիայի ժխտողականության մասին՝ ասելով. «Չարը ժխտելն ու թաքցնելը նշանակում է թողնել՝ վերքն արյունահոսի՝ առանց վիրակապելու»:
«Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Թուրքիան իր ազգային պատվի համար լավ կանի, եթե լսի Հռոմի պապին: Չի կարող լինել հաշտեցում, քանի դեռ չկա ճշմարտություն»,- եզրափակում է Բալաքյանը: