Քաղաքական Միջազգային 

Թաներ Աքչամն Օսմանյան արխիվներից մեջբերումներով վերահաստատում է՝ Ցեղասպանությունը կանխամտածված էր

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանի սրահում Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է ներկայացրել ԱՄՆ-ի Կլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը, կաթողիկոսության պաշտոնական կայքին հղումով գրում է «Արմենպրես»-ը:

Աքչամը դասախսությունը կենտրոնացրել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության վրա, խոսել հայ, թուրք և օտարազգի կարևոր մտավորականների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ցեղասպանության դրդապատճառների, ժամանակահատվածի և տարբեր գործոնների ուսումնասիրության աշխատանքում:

Դասախոսության ընթացքում թուրք պատմաբանը մեջբերումներ է կատարել օսմանյան արխիվներից՝ վերահաստատելով իր կարծիքը՝ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված ու լավ կազմակերպված հանցագործություն էր, որն իրականացվել է թուրքական իշխանությունների կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում ստեղծված առաջին իսկ հարմար առիթին:

Աքչամը մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության մասնագետների նվազող թվի առնչությամբ և կոչ արել երիտասարդ ուսանողներին զբաղվել պատմության ու մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Աքչամի աշխատանքները Հայոց ցեղասպանության նյութերի ուսումնասիրությունների հարցում` որակելով նրան իբրև անաչառ պատմաբան:

Նա ընդգծել է նաև Աքչամի կատարած ներդրումներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատի գործում: Վեհափառ Հայրապետը կոչ է արել հայ երիտասարդ ուսանողներին նվիրվելու ցեղասպանագիտության ուսումնասիրությանը: Նա պատրաստակամությունն է հայտնել` օժանդակելու բոլոր այն երիտասարդներին, ովքեր կցանկանան մասնագիտանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանն առնչվող հարցերում:

Նույն շարքից