Հասարակություն 

«Հայոց Արծիվների» ռազմահայրենասիրական հերթական ծրագրի իրականացումը

                         «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն, էլեկտրոնային կայք՝ www.hayocartsivner.am), 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        և  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպում և իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգևատրմամբ, հայրենասիրական համերգներով, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացմամբ և Հայաստանի Հանրապետության ավագ ու միջնակարգ դպրոցներին, տարբեր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) նվիրելով:

          Կազմակերպության նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ  ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կազմակերպել էր  մարզի բոլոր կրթօջախներին օդաճնշիչ հրացանների լրակազմ նվիրելու միջոցառում: Միջոցառման բացման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը ևս մեկ անգամ խիստ կարևորեց հանրակրթական օջախներում դպրոցականների շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, ինչպես նաև կրակային պատրաստվածության անհրաժեշտությունը (խոսք՝ Խ. Ասրյան.  «...Արժանապատի՛վ  մտավորականներ, միշտ գիտակցեք, որ դուք արդեն տվել եք եռամիասնության արժեքային համակարգով ապրող, ներցեղային բարոյականով առաջնորդվող այն հատիկ սերունդը, ի դեմս «Հայոց Արծիվների», ի դեմս Ձեր հայրենասեր, քրիստոնյա զավակների, ովքեր ոչ միայն ապահովելու են հայերի տեղը արևի տակ, այլ անընդհատ հզորացնելու են հայկական բարձրավանդակը՝ կերտելով մեծ և հզոր Հայաստան: Կեցցե՛ք դուք, կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»):

        Խաչիկ Ասրյանը ներկաներին տեղեկացրեց, որ հայրենասեր և բարերար անհատների շնորհիվ Կազմակերպության Նախագահությունը Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական 1400 դպրոցների, նախնական և միջին մասնագիտական 105 ուսումնական հաստատությունների, ոչ պետական հանրակրթական 95 ուսումնական հաստատությունների և Արցախում գործող հանրակրթական 250 դպրոցների ռազմագիտության դասարաններին, ինչպես նաև «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության 300 մասնաճյուղերին (ընդամենը՝ 2.150)  նվիրում է օդաճնշիչ հրացանների լրակազմ (կոմպլեկտ) (յուրաքանչյուր կրթօջախին և մասնաճյուղին 1 լրակազմ օդաճնշիչ հրացան)` բոլոր կրթօջախներում սովորող աշակերտների, ինչպես նաև սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում ռազմահայրենասիրական ոգին անընդհատ բարձր պահելու նպատակով:

 

     Խաչիկ Ասրյանը երախտագիտություն և շնորհակալություն հայտնեց մեծ հայրենասեր հայորդի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին և ռուսաստանաբնակ, «Մոնարխ» ընկերության հիմնադիր, մեծ հայրենասեր, բարերար Սերգեյ Համբարձումյանին ու մեծ հայրենասեր Արմեն Գինոսյանին, ինչպես Կազմակերպության հայրենասիրական միջոցառումներին աջակցելու, այնպես էլ 400 կրթօջախներին օդաճնշիչ հրացաններ գնելու և նվիրելու համար:

   Հայոց պետականության կայացման, տարածքային կառավարման զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ունենալու համար «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

   Կազմակերպության շնորհակալագրով պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության Արարատի փոխմարզպետ Սամվել Մինասյանը:

                  

 

         «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որդեգրելով ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունը, «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» կարգախոսը, իր հիմնադրման օրվանից` 2010 թվականի հունվարի 27-ից մինչև այսօր իրականացրել է 544-ից ավելի հայրենասիրական, ռազմահայրենասիրական բազմաբովանդակ միջոցառումներ, հիմնադրել է 300 մասնաճյուղեր-գրասենյակներ Հայաստանի Հանրապետության 29 քաղաքային և 271 գյուղական համայնքներում: Կազմակերպությանը կամավոր հիմունքներով անդամագրվել է ավելի քան  32.000 մարդ: 

 

«Հայոց Արծիվներ» ՀԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով 

Նույն շարքից