Հասարակություն 

Աշխարհը վերջին հրաժեշտն է տալիս Նելսոն Մանդելային

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հայրենի Կունու գյուղում այսօր  ընթանում է նրա թաղման արարողությունը, որը մեկնարկել է հատուկ այս առիթով պատրաստված հսկայական, ճերմակ վրանում։

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Մանդելայի դին տեղափոխվել է Կունու շաբաթ օրն ու ամբողջ ժամանակ գտնվել նրա ընտանիքի անդամների հսկողության տակ։

Ըստ հին ավանդույթի՝ ամբողջ գիշեր  Մանդելայի բարեկամները նրա կյանքից նշանավոր իրադարձություններ են պատմել նախնիների հոգիներին, որոնք պատրաստվում են հանգուցյալին իրենց աշխարհ ընդունել։

Հայտնի է, որ Մանդելայի թաղման արարողությանը կայցելի 4.5 հազար մարդ՝ այդ թվում բազմաթիվ կառավարական պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից։

Կունուի շատ բնակիչներ Մանդելայի մահն ընդունում են որպես սեփական կորուստ, սակայն միևնույն ժամանակ նրանք հպարտանում են, որ հենց իրենց գյուղում է ծնվել ժամանակակից աշխարհի լեգենդար քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ 95-ամյա Մանդելան մահացել է դեկտեմբերի 5-ին՝ թոքերի երկարատև հիվանդության պատճառով։ Մանդելան ամբողջ աշխարհում սևամորթների իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարի առաջամարտիկներից էր և այդ պատճառով երիտասարդ տարիքում 27 տարի է անցկացրել բանտում։

1993թ. նա արժանացել է Նոբելյան Խաղաղության մրցանակի, իսկ հաջորդ տարի ընտրվել է ՀԱՀ-ի նախագահի պաշտոնում՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին սևամորթ ղեկավարը։

Նույն շարքից