Լենինը մեռավ, թողեց մի ուսմունք՝ լենինիզմ, Բիբինը չմեռավ, բայց թողեց իր բիբինիզմը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսօր այսպիսի հայտարարություն արեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ շարժման մասին:
«Շատ դժվար է մի կողմը բռնել, բայց, իհարկե, ճիշտ է ժողովրդի կողմը բռնել, քանի որ ժողովուրդն ավել փող չունի վճարելու համար»,- ասաց ռեժիսորը՝ նշելով, որ շատ խնդիրներ կան, որոնք պետք է պարզվեն, բայց ամենապարզն այն է, որ ժողովրդի մոտ հիասթափություն կա իշխանությունից, հավատն է պակասել, քանի որ ասում են, թե ինչու պետք է հավատանք աուդիտին:
«Լինելով միանգամայն համակարծիք պայքարողների հետ, կարծում եմ, որ քանի դեռ ամեն ինչ չի մարել, պետք է դադարեցնել Բաղրամյան պողոտայում հավաքվելը, բայց ընթացքին, աուդիտին ուշի ուշով հետևել: Եթե չկա ժողովրդի կողմից վերահսկողություն, ապա անելու են այն, ինչ միշտ են արել»,- ասաց Նիկոլայ Ծատուրյանը՝ միաժամանակ նշելով, որ պայքարող երիտասարդները պետք է իրենց կողքին փորձառու մասնագետներ ներառեն: