Հասարակություն 

2013թ. ԱՄՆ-ում կրճատվել է մահապատիժների քանակը

analitik.am

Ընթացիկ տարում ԱՄՆ-ում մահապատժի դատավճիռների և իրականացման թիվը կրճատվել է 2012թ. համեմատ: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին ասվել է «Մահապատժի հարցերով տեղեկատվական կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության տեղեկատվությամբ:

«9 նահանգներում կատարվել է 39 մահապատիժ, այն դեպքում, երբ անցած տարի դրանց թիվը եղել է 43: 19 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ մահապատիժների քանակը 40-ից քիչ է»,- նշել են կազմակերպությունում:

Կազմակերպության ղեկավար Ռիչարդ Դիթերը հաղորդել է, որ մահապատիժների թվաքանակի կրճատման հիմնական պատճառն այն է, որ բացահայտվել են շատ սխալներ, որոնք տեղ են գտել դատական գործընթացների ժամանակ: Նրա խոսքով՝ գնալով ավելի քիչ թվով ատենակալներ են քվեարկում հօգուտ մահապատժի, և ավելի քիչ դատախազներ են կողմ արտահայտվում այն իրականացնելու համար:

«Ցմահ ազատազրկումն առանց պայմանական-վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի դարձել է մահապատժի այլընտրանք և, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ կփոխարինի դրան ապագայում»,- կարծում է Դիթերը:

Զեկույցում նշվում է նաև, որ ԱՄՆ-ում մահապատիժների թվաքանակը կրճատվում է մեծ ծախսերի, ինչպես նաև մահացու ներարկումների համար դեղորայքի պակասի պատճառով: Հաղորդվում է նաև, որ այս տարի ԱՄՆ-ում մահապատժի է դատապարտվել 80 բանտարկյալ:

 
 
 

Նույն շարքից