Վերջերս The Daily Beast –ին տվաց հարցազրույցում ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել էր, որ աջակցում է Հիլարի Քլինթոնի` ԱՄՆ առաջին նախագահ դառնալու ձգտումներին և մեծ հույսեր է կապում նրա հաղթանակի հետ:
«Ես հույս ունեմ, որ այդպես կլինի»,- ասել էր Քիմ Քարդաշյանը՝ պատասխանելով հարցին, թե, կարծես, Հիլարին կարող է լինել ԱՄՆ-ի առաջին կին նախագահը։
ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հաջողվել է իր նախընտրական արշավին ներգրավել Թոբի Մագուայերին, Լեոնարդո Դի Կապրիոյին, Էլիզաբեթ Բենքսին և այլ աստղերի։
Բացի դրանից, նախագահի թեկնածուի և, միևնույն ժամանակ, Բիլ Քլինթոնի կնոջ համար աստղերը կազմակերպում են բարեգործական միջոցառումներ նախընտրական քարոզարշավի միջոցները բարձրացնելու նպատակով: Նման երեկոներից մեկն անցկացվեց դերասան Թոբի Մագուայերի տանը: Փակ միջոցառման տոմսն արժեր 2,7 հազար դոլար:
Մինչ Քլինթոնը Քիմ Քարդաշյանի կենսագրության մեջ եղել է նման մի նախադեպ, երբ աստղը հրապարակայնորեն աջակցում էր ԱՄՆ նախագահի թեկնածուներից մեկին: Անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի ժամ առաջ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում տեղադրեց Բարակ Օբամայի հետ մի լուսանկար հետևյալ գրությամբ. «Առաջիկա ընտրություններում ես կքվեարկեմ մեր նախագահի օգտին»:
Այս հրապարակումը հայազգի աստղի հետևորդների շրջանում բացասական կերպով ընդունվեց: Ոմանք մեղադրում էին Քիմին ԱՄՆ նախագահին աջակցելու համար, ում վարկանիշը վերջին ժամանակներում բավականաչափ ընկել էր: Մյուս մասն էլ ծիծաղեցին Քիմի այդ արարքի վրա: Նրանք անվանեցին Քիմին հիմար` հիշեցնելով, որ Բարակ Օբաման առաջիկա ընտրություններում թեկնածուների շարքում չի դասվելու:
Քիմ Քարդաշյանի օգնությամբ , թե առանց նրա ԱՄՆ ԶԼՄ-երը հաղորդում են, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն մոտ 45 մլն դոլար է հավաքել իր նախընտրական քարոզարշավի համար:
Միջոցների հավաքումը սկսվել է ապրիլի կեսերից, երբ Քլինթոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց նախագահական հավակնությունների մասին։ Նվիրատվությունների մոտ 91%-ը ստացվել է 100-ական դոլար փոխանցումներից։
New York Times թերթի ինչպես նաև CNN հեռուստաընկերության տվյալներով, դեռ նախագահական մրցապայքարին մասնակցող քաղաքական գործիչներից և ոչ մեկին չի հաջողվել նման մեծ գումար հավաքել նախընտրական արշավի համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

