Հասարակություն 

Տարեմուտը Ջավախքում

analitik.am

Ջավախքցին, անտեսելով իր բազմաթիվ հոգսերն ու խնդիրները, Ամանորին սպասում ու նախապատրաստվում է մեծ սիրով: Տոնական օրերին այստեղ  մոռանում են բազմաթիվ  խնդիրներն ու բարձր տրամադրությամբ  դիմավորում Նոր Տարին՝ հավատալով, որ այն կգերակայի   գալիք տարվա ողջ ընթացքում:

Նոր Տարին  Ջավախքում  ամենասպասված ու սիրելի տոներից մեկն է, որի ընթացքում բնակիչները կարողանում են լիարժեք հանգստանալ և ժամանակ գտնել՝ իրենց բարեկամներին ու հարևաններին այցելելու համար:  Ջավախքում կան Նոր Տարվա հետ կապված բազմաթիվ սովորույթներ, որոնք եկել են  դարերի խորքից և  պահպանվել են մինչ այժմ:  Ջավախքցին մեծ հավատով է մոտենում այս տոնին և բազմաթից հույսեր է կապում գալիք տարվա հետ:

Ամենակարևոր սովորույթներից է Ամանորին ընդառաջ մաքրագործման արարողությունը.  մաքրում են տունը, բակը, գոմը, որին մասնակցում են ընտանիքի բոլոր անդամները:  Տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում, քանի որ  մաքրությունը  խորհրդանշում է նոր սկիզբ, որից սկսվում է նոր տարվա պատմությունը, նոր ժամանակը:  Տարին ժամանակային սահման է՝ հիմնված բնության վրա։ Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը:


Տարեմուտի գիշերը երեխաները խմբերով  շրջում են տնից տուն և բարեմաղթանքներ  ասելով՝ իրենց պարկերի մեջ են հավաքում հատուկ այդ նպատակով նախապատրաստված   ընդեղեն, չամիչ, կոնֆետներ և մրգեր:  Կաղանդի գիշերը,  բոլորի տան բակերը պետք է լուսավորված լինեն  և  դարպասներն էլ բաց, որպեսզի երեխաները  չվախենան և այցելեն բոլորի տները, քանի որ իրենց այցելությամբ՝ Նոր Տարվա շեմին,  բերում են նոր  հաջողություններ  ու բարություն:


Սովորույթի համաձայն, տարեմուտի գիշերը պատրաստվում է  կլոր գաթա, որի մեջ տանտիկինը դնում է մետաղադրամ. կեսգիշերին այն  կտրում են և ընտանիքի յուրաքանչյուր  անդամ ստանում է  տարվա իր բաժինը: Ընտանիքի այն անդամը, որին բաժին է հասնում մետաղադրամով կտորը, համարվում է գալիք տարվա  ամենահաջողակը:


Ջավախքցու համար շատ կարևոր է նաև, թե Ամանորին իր առաջին հյուրն ով է լինելու, քանի որ, եթե հյուրը բարի ու հաջողակ մարդ է, ապա նա իր հետ բերում է բարություն ու հաջողություն, իսկ եթե հակառակը՝ անհաջողություն ու չարություն:


Տոնական սեղանի համար տանտիկինը պատրաստում է համեղ ուտեստներ և քաղցրավենիք՝  կլոր գաթա, փախլավա, դոլմա, խաշած ձուկ, խոզի, հավի, բադի խորոված, տարբեր աղցաններ և այլն: Ջավախքցու տոնական սեղանը պետք է լինի առատ և ուտեստներն էլ պետք է պատրաստված լինեն  սիրով,  քանի որ Նոր տարվա շեմին առատությունն ու բարությունը բերում են   լիություն ու սեր:  


Հունվարի մեկից սկսած՝ բնակիչները շրջում են տնից տուն և իրենց հարևաններին ու բարեկամներին նվերներ տալիս ու տոնական սեղանի շուրջ բարեմաղթանքներ ասում:


Նոր տարվա մուտքը դիմավորելու ավանդույթը դարերի պատմություն ունի, և ջավախքցին անկոտրում կամքով կարողանում է անթեղել նահանջող տարվա տված բոլոր անհաջողությթւններն ու դժվարությունները՝ անխախտ հավատ ներշնչելով իրեն գալիք տարում ավելի վստահ քայլելու համար:

 

 

Վարդուհի Երանոսյան

Նույն շարքից