Հասարակություն 

Տոներն անցնում են, խնդիրները՝ մնում

analitik.am

Տոներն արդեն անցնում են: Ոմանք նոր լիցքեր ստացան այս օրերին, ոմանք բավականաչափ տանջվեցին, իսկ ոմանք էլ ֆինանսական, բարոյական և առողջական վնասներ կրեցին: Այս երրորդ խմբում գտնվող մարդիկ այնքան էլ քիչ չէին տարեսկզբին: Այս տարի զարմանալիորեն աճել էր սննդային և ալկոհոլային թունավորումների քանակը,  ինչը նշանակում է, որ գնումներ կատարելիս այսուհետ պետք է շատ ավելի ուշադիր լինել: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ սննդամթերքը տուն բերելուց հետո հայտնաբերվել է, որ այն նեխած է, փչացած՝ չնայած պիտանելիության ժամկետի խոստումնալից լինելուն: Այս մասին էին վկայում խմբագրություն եկած բազմաթիվ զանգերը և խնդրանքներն այս հարցին որևէ կերպ անդրադառնալու: Այսօրինակ առողջության համար լուրջ վնաս ներկայացնող խախտումները միանշանակ պետք է կանխվեն համապատասխան մարմինների կողմից, բայց ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական մարմիններն անթերի կամ գոնե լավ աշխատելուց դեռ հեռու են՝ շատ դեպքերում իշխանության մեղքով, որոշ դեպքերում էլ՝ հասարակության:


 Ընթերցողին հաճոյանալու համար ավելի ճիշտ կլիներ ամեն ինչ բարդեինք իշխանության վրա, ընդունեինք բացարձակ ընդդիմադիր կեցվածք, երեկոյան էլ ընթրեինք իշխանության ներկայացուցիչների հետ՝ միասին ծրագրելով հաջորդ «գրոհն իրենց վրա», բայց քանի որ առաջնային կարևորության եմ արժանացնում ոչ թե հաճոյանալը կամ դեմագոգ կեցվածքը, այլ խնդրին լուծում տալը, ուստիև  հանգիստ թողնեմ իշխանությանն էլ, ընդդիմությանն էլ և անցնեմ քննարկվող խնդիրներին: Այն, որ սննդամթերքն իրոք բավականին որակազուրկ էր այս տարի՝ փաստ է, քանզի հայտնի է, որ որակյալ արտադրանքն առաջին հերթին արտահանվում է, իսկ ՀՀ քաղաքացին պետք է բավարարվի նրանով, ինչ մնում է: Արդյունքում այնպես է ստացվում, որ Հայաստանում աճող ծիրանի, դեղձի և այլ մրգերի որակի մասին ներկայումս մեզ ավելի ստույգ կասի ներմուծող երկրի քաղաքացին, քան Երևանի բնակիչը, ով շատ դեպքերում ստիպված է բարձր արժեքով գնել անորակ միրգ-բանջարեղեն: Հաջորդ շատ լուրջ խնդիրն առկա է մսամթերքի շուկայում՝  հասարակության լայն շերտերին իրենց իսկ հաշվին հրամցվեց սառցարաններում անորոշ ժամանակ պահված մսամթերք՝ այն էլ թարմ մսամթերքի գնով: Արդյունքն էլ եղավ երեխաների թունավորումը: Արդեն  բաստուրման, սուջուխը, նրբերշիկը և երշիկը խստիվ արգելվում են շատ մայրերի կողմից, քանզի անգամ թարմ մսի իրական պարունակությունն է կասկածի տակ դրվում: Այս անորակությանն էլ ավելացան թանկացումները՝ մեկ կապոց թոշնած հազարը 850 ՀՀ դրամ, հոգին փչած սամիթը՝ 750, վարունգը՝ 8990 և այսպես շարունակ: Սա էլ միանշանակ բավականին լուրջ հարված էր ՀՀ քաղաքացու գրպանին՝ ցուրտ ձմռան, գազի գնի, մոտակա կուտակային կենսաթոշակային ֆոնդի, աշխատատեղերի բացակայության և այլնի հետ միասին: Ստացվեց, որ ՀՀ քաղաքացին Ամանորը դիմավորեց ավելի շատ խաբված, թալանված և հուսահատված, քան անհոգ, երջանիկ և ուրախ: Սա նշանակում է, որ Ամանորյա կենացներն իրական դարձնելու համար դեռ բավականին անելիքներ կան այս տարի:


analitik.am կայքը հիմք ընդունելով այս խնդիրները և հիմնվելով բազմաթիվ ընթերցողների խնդրանքների վրա, այսուհետ մշտապես հետևելու է բոլոր տեղերում վաճառվող սննդամթերքի որակին և որևէ խախտում հայտնաբերելու դեպքում հրապարակելու է արտադրող կազմակերպության և վաճառակետի անունը, ինչպես նաև խախտումների մասին համապատասխան մարմինները կտեղեկացվեն: Հորդորում եմ նաև բոլոր ընթերցողներին՝ սննդամթերքի հետ կապված որևէ խախտումներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնել խմբագրություն: Տոները ցույց տվեցին, որ առաջին հերթին հենց մենք՝ հասարակության անդամներս, պետք է ուշադիր լինենք մեր, մեր ընտանիքի և երեխաների առողջության նկատմամբ՝ կանխելով այն մարդկանց գործունեությունը, ովքեր այլոց առողջության հաշվին փորձում են գերշահույթներ ստանալ: Թող այս տարին բոլորիս միասնություն, մարդասիրություն և արդյունավետ գործունեություն բերի: 



«Անալիտիկ» կենտրոնի հիմնադիր տնօրեն Անի Հովհաննիսյան


Նույն շարքից