Հասարակություն 

Նվերների փաթեթներ են բաժանվել Հալեպում 2013թ.-ի ընթացքում ծնված 100 հայ երեխաների ընտանիքներին

analitik.am

Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան եպիսկոպոս Սարգիսյանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով նվերների փաթեթներ են բաժանվել Հալեպում 2013թ.-ի ընթացքում ծնված 100 հայ երեխաների ընտանիքներին։

 

Գաղափարին աջակցել են եկեղեցական կազմակերպություններ և անհատներ, որոնք նյութապես օժանդակել են նախագծի իրականացմանը։

 

Ողջույնի խոսքով է հանդես եկել Տեր Տաթև քահանա Միքայելյանը, ով նշել է, որ երեխաներն իրենց հույսն ու ապագան են, և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նյութապես ու բարոյապես աջակցել են այդ ծրագրի իրագործմանը։

 

«Եկեղեցում հավաքված 100 մանուկների ճիչը խորհրդանշում է կյանքը։ Նրանց անմեղսունակ ժպիտը հույս է ներշնչում»,- գրում է «Բերիո լուրերի» Facebook-յան էջը։

 

Սրբազանը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ չնայած երկրի դժվարություններին՝ Աստված շարունակում է կյանք պարգևել։ «Այս կյանքը սոսկ միս ու ոսկոր չէ, այլ Աստծո շոշափելի և զգալի հույսը՝ ձեր գրկի մեջ»,-ասել է նա։

 

Նա նշել է, թե ցանկանում են համայն մարդկությանն ասել, որ թեև Հալեպը կործանված քաղաք է, վտանգված, դժվարին պայմաններում է գտնվում, սակայն իրենք շարունակում են ապրել և հույսով նայել ապագային։

 

«Այս երեխաների ծնունդը լավագույն ապացույցն է շարունակվող կյանքի և երկիրը կրկին ոտքի կանգնած ու ծաղկած տեսնելու մեր հավատքի»,-ասել է Սրբազանը։

Նույն շարքից