«Ես կողմ եմ պառլամենտական կառավարման մոդելին, բայց դա պետք է լինի ներքևից ցանկություն: Ժողովրդի, ընդդիմադիր կուսակցությունների ուժեղ ճնշման արդյունքում պետք է այդ փոփոխությունները լինեն, ինչպես եղել է եվրոպական շատ երկրներում», -այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Նրա խոսքով, դեռևս նման դեպք չկա, որ իշխանությունը իր ցանկությամբ իր լիազորությունները նվազեցնի:
«Ես շատ եմ անհանգստանում, որ սահմանադրական բարեփոխումներ կոչվածով Հայաստանի իշխանությունները կվարկաբեկեն պառլամենտական հանրապետության իմաստը»,- հայտարարեց Իշխանյանը:
Իրավապաշտպանը «վտանգավոր միտում է» համարում այն, որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարումը հանդուրժող իշխանությունը Սահմանադրական բարեփոխումներով գնում է դեպի խորհրդարանական կառավարում:
Սահմանադրական առաջարկվող փոփոխությունների շուրջ հանրային վստահություն չկա և ավելին, հակառակը, մարդիկ վստահ են, որ այս իշխանությունները չեն հրաժարվի իշխանական լծակներից: