Ընտանեկան բռնությունը կատարվում է ներընտանեկան հարաբերություններում և բնորոշվում հոգեբանական ճնշման գործադրմամբ, ինչպես նաև կարող է ուղեկցվել ծեծով, սպառնալիքներով, սեռական բռնության կիրառմամբ. այսինքն` բռնությունը ընտանեկան զույգի միջև փոխհարաբերության այն տեսակն է, որը ընտանիքի զույգի անդամներից որևէ մեկին պատճառում է ֆիզիկական, հոգեբանական կամ սեռային վնաս: Սովորաբար տղամարդիկ են դիմում բռնության` փորձելով ճնշում գործադրել կամ ցույց տալ իրենց իշխանությունը թույլ սեռի հանդեպ:
Հայաստանում կանայք շատ դեպքերում ստիպված են ներել ամուսիններին` իրենց բռնության ենթարկելու համար, քանի որ ամուսնու դրսևորած ագրեսիայի մեջ իրենք իրենց են մեղադրում` հույս ունենալով, որ դա վերջին անգամ է և այլևս չի կրկնվի: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ ամուսիններն ընդհանուր երեխաներ ունեն: Այսպիսի կանանց հատուկ է ցածր ինքնագնահատականը և ստեղծված իրավիճակից դուրս գալու անելանելիության զգացողությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, վերլուծելով զուգընկերոջ կողմից կատարվող բռնությունը, հրապարակել է կնոջ առողջության` ընտանեկան բռնության արդյունքում ստացած հետևանքների ցանկը: Ըստ այդմ՝ ֆիզիկական հետևանքներից են որովայնի վնասվածքները, կապտուկները և սպիները, հաշմանդամությունը, ֆիբրոմիալգիան, քրոնիկ ցավի ախտանիշները, ֆիզիկական ֆունկցիայի նվազումը, աղեստամոքսային տրակտի բարդացումները, աչքի վնասվածքները:
Սեռական և վերարտադրողական համակարգի կրած բացասական հետևանքներից են՝ գինեկոլոգիական խնդիրները, անպտղությունը, բորբոքային երևույթները հետույքի հատվածում, բարդությունները հղիության ընթացքում, վիժումները, սեռական դիսֆունկցիաները, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, ՁԻԱՀ-ը, ռիսկային պայմաններում վիժումները, անցանկալի հղիությունը:
Հոգեբանական և վարքային հետևանքների թվում են ալկոհոլիզմը և թմրամոլությունը, դեպրեսիան ու տագնապային վիճակները, քնի ու սննդային խանգարումները, ամոթի ու մեղքի զգացումը, նևրոզը, սեփական «Ես»-ի հանդեպ հարգանքի բացակայությունը, հետվնասվածքային սթրեսի հետ կապված խանգարումները, հոգեսոմատիկ խանգարումները:
Մահվամբ ավարտվող հետևանքների շարքում են սպանությունը, ինքնասպանությունը, մահը ֆիզիկական բռնության արդյունքում, մահ` կապված մայրանալու հետ, մահ` կապված սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետ :
Analitik.am