Ջրվեժների շառաչյունը, ինչպես գիտնականորեն ապացուցված է, հանգստացնում է մարդու տեսողությունը, թուլացնում նյարդային համակարգի լարվածությունը: Ի դեպ` տեսողական և նյարդային հանգստության համար հարկավոր է ջրվեժներին ավելի հեռավոր տարածությունից նայել:

Սակայն ամենակարևոր օգուտներից մեկը նաև շնչառական օգուտն է: Դրանում ևս հասցրեցինք համոզվել:

Եվ այս ամենից զատ, իհարկե, մեծ են նաև ջրվեժների բնապահպանական օգուտները:

Ամենագեղեցիկ ջրվեժները

 

Իգուասու ջրվեժ

Ամենատպավորիչ և գեղեցիկ ջրվեժների շարքում է միանշանակ Իգուասու ջրվեժը: Բրազիլիայի և Արգենտինայի սահմանին գտնվող 275 ջրվեժներից բաղկացած Իգուասու ջրվեժների ցանցը աննկարագրելի գեղեցկություն ունի: Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը Բրազիլիայի գլխավոր զբոսաշրջության վայրն է, բազմաթիվ մեծ գրողների, նկարիչների, արվեստագետների ներշնչանքն ու զարմանահրաշ տեսարժան վայր:

Ջրվեժի ամենահայտնի և ամենամեծ հատվածը՝ «Դևի կոկորդը», սահմանագծում է Բրազիլիայի և Արգենտինայի սահմանը:

Տարեկանում Իգուասու ջրվեժներ է այցելում 1.7-2 մլն զբոսաշրջիկ:

Վիկտորիա ջրվեժը

Աֆրիկյան Զիմբաբվեի և Զամբիայի սահմանին գտնվող հսկան աշխարհի ամենագեղեցիկ հրաշքներից է: Բրիտանական թագուհի Վիկտորիայի պատվին կոչված ջրվեժը տեղացիներն անվանում են «Շառաչող ծուխ»: Վիկտորիա ջրվեժը մյուս ջրվեժների համեմատ աներևակայելի բարձր ձայն է արձակում, իսկ ջրի հոսքից առաջացող գոլորշին մառախուղով է պատում գրեթե ամբողջ տարածքը: Ջրվեժի լայնությունը կազմում է գրեթե 2 կմ, իսկ բարձրությունը` 108 մ:

Զբոսաշրջիկներից շատերը ջրվեժ ժամանելիս նախընտրում են ուղղաթիռի բարձրությունից հիանալ ջրվեժի գեղեցկությամբ: Վիկտորիա ջրվեժ այցելելու լավագույն ժամանակահատվածը փետրվար ամսից մինչև մայիսն է, երբ տեղանքում դադարում են սեզոնային անձրևները:

Գուլֆոսսյան ջրվեժները հեռավոր Իսլանդիայում

Գուլֆոսսյան ջրվեժները, Դետիֆոսս ջրվեժը գտնվում են հեռավոր Իսլանդիայում: Աղմկոտ և հուժկու այս ջրվեժը ամենայուրօրինակ, շառաչող և հզոր ջրվեժներից մեկն է, եթե ոչ ամենան: Ջրային հոսքի մի քանի կասկադներից բաղկացած այս ջրվեժին շատ մոտ գտնվելն այդքան էլ չի խրախուսվում:

Որպես զբոսաշրջիկ` նախընտրելի է այցելել ջրվեժ ամռան ամիսներին: Այն աներևակայելի գեղեցկություն ունի նաև ձմռանը:

Նիագարա գեղեցկուհին

Հարցումները ցույց են տվել, որ ամենահայտնի ջրվեժները թվելիս Նիագարա ջրվեժը առաջին հորիզոնականում է: Միացյալ Նահանգների և Կանադայի սահմանին գտնվող այս ջրվեժը ամենաբարձրը չէ, սակայն ամենաաղմկոտներից և ամենագեղեցիկներից: Երեք կասկադների բաժանված ջրվեժին հասնելու համար ամենահարմար քաղաքը ամերիկյան Բուֆալոն է:

Ի դեպ, զբոսաշրջության տեսակետից Նիագարա ջրվեժի տեղանքը ամենալավ ենթակառուցվածք ունեցող ջրվեժն է: Այստեղ կազմակերպվում են բազմաթիվ ջրային տուրեր:

Շատ տպավորիչ են ամռան ամիսներին Նիագարա ջրվեժի երբեմն իրականցվող լուսային էֆեկտները:

Դեթյան ջրվեժ Չինաստանում

Դեթյան ջրվեժը գտնվում է Չինաստանի և Վիետնամի սահմանին: Այս ջրվեժը չի կարող մրցել վերոհիշյալ ջրվեժների հետ ոչ բարձրությամբ, լայնությամբ կամ ջրի հոսքի ուժգնությամբ, բայց այն, հիրավի, համարվում է աշխարհի ամենագեղեցիկներից մեկը:

Ջրվեժի գեղեցկության յուրահատուկ մասն է կազմում ջրվեժի շրջապատող բնությունը, բրձնի դաշտերը և սաղարթախիտ անտառները:

Պլիտվիցյան լճերը Խորվաթիայում

Խորվաթիայի Պլիտվիցյան լճերի ջրվեժները դասվում են աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների շարքին ջրի մաքրամաքուր փիրուզե գույնի շնորհիվ: Ջրի նման գույնի առաջացման պատճառը յուրօրինակ միներալներն են:

Պլիտվիցյան լճերի ջրվեժներ հասնելու համար հարկավոր է ժամանել Զագրեբ և երկու ժամանոց տուր ընտրել դեպի բնության այս հրաշալիք: Այստեղ այցելելու տարվա լավագույն եղանակը մայիս ամսից մինչև սեպտեմբերն է:

Յագալա ջրվեժը Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Յագալա ջրվեժը համարում են Մերձբալթյան երկրների Նիագարան:

Այս ջրվեժը ընդրգրկվել է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժների թվում իր սառցե տեսքի շնորհիվ: Այո՛, ջրվեժը հատկապես գեղեցիկ է ձմռան ամիսներին, երբ այն կիսով ճափ սառչում է:

 Անխել ջրվեժը Վենեսուելայում

Աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, գտնվում է Վենեսուելայի Կայնամա ազգային պարկում:

Ջրվեժն այնքան բարձր է, որ չոր սեզոնին ջուրը չի հասցնում հասնել մինչև հատակ և գոլորշիանում է: Ջրվեժ հասնելն այդքան էլ հեշտ չէ, այն գտնվում է բավական դժվարանցանելի տեղանքում: Հիմնական տուրերը ներառում են գետով և ուղղաթիռով զբոսանքները:

Կայետուրի ջրվեժը Գայանայում

Կայետուրի ջրվեժը Գայանայում կրկնակի անգամ ավելի բարձր է, քան Վիկտորիա ջրվեժը: Այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը նաև ջրվեժի շրջապատող բնության շնորհիվ: Անթափանց տրոպիկական անտառներում գտնվող Կայետուրի ջրվեժ ցամաքով հասնելու դեպքում անտառում կտեսնեք թիթեռնիկների և թռչունների ամենահազվագյուտ տեսակներ:

Ջրվեժը գտնվում է Գայանայի Կայետուր ազգային պարկի ջունգլիներում:

Յելոուսթոն ջրվեժները ԱՄՆ-ի Վայոմինգում

Յելոուսթոն գետի ջրերը կազմում են աշխարհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը:

Ֆիլիպինների Կավասան ջրվեժը

Ֆիլիպինների Սեբու կղզու վրա գտնվող Կավասան ջրվեժը համարվում է աշխարհի ոչ միայն ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը, այլև ամենախորհրդավորը: