Հասարակություն 

«Խոսող խաղալիք»՝ հեքիաթների հերոսների երևանյան շքերթ-փառատոն

cc0e20219a22f8fb2224d26d3d73c818960f6df4 68e58d805a0b741b12c13f7f0f3b7c57d0893166 d8138a74d4530afe3c2ae6bdef78918047db0767 fbcaff0853ac60bcc2cea15f82b5596ce69b9a93 00c477e714e6dbe4e81de1fce1243656805fffba«Երևանյան ամառ 2015» ծրագրի հերթական նորույթը «Խոսող խաղալիք» հեքիաթների հերոսների առաջին շքերթ-փառատոնն էր, որը Միսակ Մանուշյանի անվան պուրակ էր կանչել հարյուրավոր երեխաների։

«Այս ջերմ մթնոլորտը Երևանին բնորոշ է։ Այսօր «Երևանյան ամառ 2015»-ի հերթական մանկական տոնական օրն է, որ մեծերս պարգևում ենք մեր փոքրիկներին ու նրանց ուրախությամբ տոնական դարձնում նաև մեր օրը։ Շնորհակալ եմ բոլոր խմբերին, որոնք մասնակցում են «Խոսող խաղալիք» առաջին շքերթ-փառատոնին»,- փառատոնի բացման խոսքում նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Տիկնիկային թատրոնների ղեկավարներն ու դերասաններն այս փառատոնը կարևորում են հատկապես տիկնիկային մշակույթը տարածելու առումով. տիկնիկները «դուրս են եկել» թատրոններից և երեխաներին կանչելու են թատրոններ։

«Ակամա հիշեցի՝ երբ տասնամյակներ առաջ ընդամենը 6 տիկնիկ էր դուրս գալիս հանդիսատեսին հանդիպելու, իհարկե, այդ 6 տիկնիկները անուն առ անուն երբեք չպետք է մոռացվեն. դրանք անուններ են, որոնք սկսեցին այս ամենը։ Այսօր, տոնական մի օր, հավաքվել ենք այստեղ… այսքա՜ն շատ տիկնիկներ։ Երեխաների հիշողությունում անջնջելի են մնալու այս պահերը։ Նրանք հոգեպես հարստանալու են, իսկ հոգեպես հարուստ երեխաներ ունեցող հասարակությունը հզոր հասարակություն է։ Ապրե՛ք»,- ներկաներին ողջունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանը։

Փառատոնին մասնակցել են տասնյակ թատրոններ՝ մեկական ներկայացմամբ, ու կազմակերպություններ՝ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային և Երևանի խամաճիկների պետական թատրոնները, «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան, «Օվասիս» խուլերի մնջախաղի թատրոնը, Կապանի «Տիկնիկ» մանկական տիկնիկային թատրոնը, Երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության կազմակերպությունը, «Երազանք» թատերախումբը, Աջափնյակ վարչական շրջանի «Վասպուրիկ» խամաճիկների թատրոնը, անհատ տիկնիկագործներ և այլն։

Նույն շարքից