Կրթության և գիտության նախարարությունը ցիկլային պարապմունքների հետ հունվարի 13-ին կլսի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներին և հնարավոր է՝ հանդես գա առաջարկներով:
Հիշեցնենք, որ ուսանողները բողոքում են ցիկլային պարապմունքների ընթացքում բացակայությունների և հետագայում ցիկլը վճարովի հիմունքներով կրկնելու դեմ և դա որակում դրամաշորթություն:
Ըստ ԿԳՆ Կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի՝ այստեղ որևէ շորթման կամ անօրինական գործընթացից մասին խոսք լինել չի կարգ, որովհետև դա բուհի մշակված կարգն է, որը վերաբերում է 2 շաբաթից ավել տևող ցիկլերին:
«Եվ եթե ուսանողը մեկ անգամ բացակայում է, ցիկլը պետք է կրկնի: Եվ ասեմ, որ ամեն մի բուհ ինքն է դնում իր մեխանիզմները, վճարի չափը և այլն, և դա բուհի կողմից ընդունված իրավական ակտի՝ կարգի հիման վրա է. կանոնակարգը մշակվել, հաստատվել է իրենց ռեկտորի ու գիտական խորհրդի կողմից»,-ասաց Ռոբերտ Սուքիասյանը:
«Բայց մնացածը արդեն, չափը, նպատակահարմարությունը ամեն դեպքում իրենց կարգի հետ կապված, կնայեք»,– ավելացրեց նա:
ԿԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այլ բուհերում հարցին այլ կերպ են մոտենում: Օրինակ՝ բացակայությունները հետագայում քննությունների ժամանակ նկատի են առնվում և իջեցնում են ուսանողի գնահատականը:
Իսկ նման կարգի ընդունումը, ըստ Ռոբերտ Սուքիասյանի՝ պայմանավորվում է նրանով, որ բաց թողնված դասերի լրացումը ընդունող դասախոսը հավելյալ աշխատանք է կատարում, որի համար նա պետք է վարձատրվի:
Այլ բան են հարգելի բացակայություն ունեցողների լրացումները, որոնք ըստ նույն կարգի՝ կատարվում են համալսարանի հաշվին: