Հայաստան մուտք է գործել հինգ կրոնական կազմակերպություն՝ Ջերմուկում գործող Կյանքի ջուր եկեղեցին, Բջնիում գործող Աստծո թագավորական քահանայություն եկեղեցին, Սևանի Ավետաբեր եկեղեցին, Չարենցավանի Երգ երգոց աղանդը և Լիբանանից Հայաստան ներթափանցած Կյանքի աղբյուր աղանդը, որը Կյանքի խոսք աղանդի մի ճյուղ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանը:
«Կրոնական կազմակերպություններն իրենց ուսմունքի տարածման գործում ակտիվ ներգրավում են անգամ հղի կանանց: Հղիների «Ավետիս» աղանդավորական կազմակերպությունը ասվածի վառ ապացույցն է»,- ասաց նա և ավելացրեց, որ Եհովայի վկաներն արդեն իսկ սկսել են քարոզել, որ կրթությունն աղբ է, և որ իրական կրթություն կարող է տալ միայն իրենց ուսմունքը:
Սևակ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ապրիլի 14-ին Հայաստանում կայանալու է նրանց մեծ հավաքը, ուր քննարկվելու են ՀՀ կառավարությանն դեմ արվելիք քայլերը:
Միացյալ երիտասարդական լիգայի գլխավոր համակարգող Գոռ Նալբանդյանն էլ ասաց, որ հայաստանյան որոշ բարեգործական և հասարակական կազմակերպություններ ու հիմնադրամներ բացահայտ աղանդավորական գործունեություն են ծավալում և օրինակ բերեց «Վորլդ Վիժըն» կազմակերպությանը: «Կազմակերպությունը սկսել է ավետարանչական հավատքի ֆինանսավորմամբ զբաղվել»,- ասաց նա:
Վերջինս նաև նշեց «Ցորենի հատիկ», «Բարի լուր» բարեգործական հիմնադրամների անունները, որոնք կազմակերպում են մանկական ճամբարներ, բայց միաժամանակ հնարավորություն են տալիս երեխաներին աղոթել և համապատասխան աղանդավորական գրականություն ընթերցել: