Մշակույթ Հասարակություն 

Հանրության առաջ իր դռները բացեց բրիտանական թանգարանը

Բրիտանական թանգարանը (Անգլ. British Museum) Լոնդոնի ամենամեծ և աշխարհի ամենանշանակալի արվեստի և պատմության թանգարաններից է։ Թանգարանը հիմնադրվել է 1753 թ-ին, Լոնդոնում, բացվել է 1759 թ-ին: Առաջին անգամ հանրությանը բացվել է 1759թ. հունվարի 15-ին։
 
Բրիտանական թանգարանի շենքը (ճարտարապետ՝ Ռոբերտ Սմյորք) կառուցվել է 1823–1847 թթ.-ին, ընթերցասրահը (ճարտարապետ՝ Ս. Սմյորք)` 1854–1857 թթ.-ին: Թանգարանն ունի հնագույն և միջնադարյան Բրիտանիայի, Հին Եգիպտոսի, Հին Արևելքի, Հեռավոր Արևելքի երկրների, Հին Հռոմի, Հին Հունաստանի պատմության ու մշակույթի բաժիններ:
 
Բրիտանական թանգարանի ամենահայտնի ցուցանմուշներից են Մավսոլես թագավորի և նրա կնոջ մարմարակերտ արձանները, Արտեմիսի տաճարի արձաններից մեկը, որոնք Հին աշխարհի 7 հրաշալիքներից են: Հին Հունաստանի մշակույթի բաժնում տեղադրված քանդակները բերվել են Աթենքի Ակրոպոլիսից և Պարթենոնից: Թանգարանում ցուցադրված են նաև Հին Եգիպտոսի փարավոնների մումիաներ, Ասորեստանի թագավորների պալատների բեկորներ:
 
Միջին դարերի Եվրոպայի, Աֆրիկայի, Ասիայի (մասնավորապես` իրանական, արաբական), Ամերիկայի, Օվկիանիայի մշակույթների բաժիններում ներկայացված են բացառիկ հուշարձաններ,փորագրության, գծանկարչության, խեցեգործության հարուստ հավաքածուներ:
 
Բրիտանական թանգարանի հելլենական մշակույթի բաժնում պահվում են հայկական մշակույթի բազմաթիվ նմուշներ՝ քանդակներ (այդ թվում՝ Անահիտ աստվածուհու բրոնզե գլուխը), գորգեր, ձեռագրեր, բրոնզե, խեցեղեն իրեր և այլն: Թանգարանում   կան նաև տարբեր երկրների և դարաշրջանների բազմաթիվ մեդալների ու դրամների հավաքածուներ, այս թվում` Մեծ Հայքի և Կիլիկյան Հայաստանի դրամներ:
 
Թանգարանի գրադարանն ունի ավելի քան 7 մլն գիրք, բազմաթիվ հին ձեռագրեր (նաև մի քանի հարյուր հայկական հին ձեռագրեր), տարբեր վավերագրերի մի շարք հավաքածուներ:

Նույն շարքից