Երկիր, որտեղ պրոբլեմներից բացի ոչինչ չկա. յուրաքանչյուր երկիր ունի բազում պրոբլեմներ, բայց, ի տարբերություն մեզ, այդ պրոբլեմները ժամանակի ընթացքում հարթվում են և հարթվում են նախքան նոր պրոբլեմների ի հայտ գալը, և երևի դա է պատճառը, որ ժողովուրդն իր կաշվի վրա չի զգում այդ բազմաթիվ պրոբլեմների բեռը: Իսկ ի՞նչ է կատարվում մեզ մոտ. դեռ մի պրոբլեմը չլուծված, առաջ է գալիս նորը և այսպես շարունակ, այսինքն մեզ մոտ պրոբլեմների ակտիվ կուտակման պրոցես է տեղի ունենում: Մի կողմից համատարած աղքատությունը, որը ոչ մի կերպ չի հաղթահարվում, մյուս կողմից՝ ստվերը, կոռուպցիան, կաշառակերությունը, որոնց չափերը ոչ թե նվազում, այլ աճում են և այս ամենի կողքին էլ արտագաղթը, էլ չեմ խոսում այն մասին, որ ոչ մի կերպ չի ստացվում արտաքին պարտքը մարել, իսկ բյուջեի դեֆիցիտի մասին խոսել անգամ չարժե, քանզի մենք չենք էլ պատկերացնում, թե իրականում որքան է մեր բյուջեի դեֆիցիտը: Եվ այս ամենի առկայությամբ նոր գլոբալ խնդիր է ծագում` Եվրոպա, թե Մաքսային Միություն: Պրոբլեմները այնքան շատ են, որ նույնիսկ այնպիսի հարցերը, ինչպիսին տրանսպորտի սակագինն է կամ կենսաթոշակների հետ կապված հարցերը, երկրաչափական պրոգրեսիայով աճում են՝ լրացնելով գերխնդիրների ցուցակը: Շատ դեպքերում այնպիսի պրոբլեմներ, որոնք նորմալ զարգացած երկրներում մեծ աժիոտաժ կառաջացնեին, ինչպես օրինակ՝ գործատուի կողմից աշխատողի իրավունքների ոտնահարումը, մեզ վրա նույնիսկ ազդեցություն էլ չեն թողնում, կարելի է ասել մենք նմանատիպ մանր-մունր բաների վրա այլևս ուշադրություն չենք էլ դարձնում.... արդեն որպես պրոբլեմ չենք էլ դիտարկում…
Օրինակ, երբ բարձրաձայնում ես, որ գիտեք այ էս ինչ տեղը մարդու իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունեցել, քեզ միանգամից ընդհատում են և ասում` ինչի հետևից ես ընկել, սպասի նայենք այս ամենի տակից ոնց ենք դուրս գալու:
Հ.Գ.
Եվ ամենամեծ պրոբլեմն այն է, որ այս ամենին զուգահեռ մեր հանրությունը տարանջատված է իրարից, չկա միասնություն, դրա փոխարեն առկա է հսկայական անջրպետ աղքատների և հարուստների միջև, և այն, թե այս պայմաններում մենք ինչպես պետք է լուծենք այսքան կուտակված խնդիրները, միայն Աստված գիտի....
Կարեն Թումանյան