Չինացի ինտերնետ-օգտատերերին պարտավորեցրել են տեսահոսթինգներում գրանցվել իրական անուններով: Այդ մասին հաղորդագրությունը հայտնվել է ՉԺՀ-ի հեռուստառադիոհեռարձակման պետական վարչության պաշտոնական կայքում, հայտնում է lenta.ru-ն։
Արգելքը տարածվում է միայն Չինաստանում գրանցված կայքերի վրա: Այդ ռեսուրսներում տեսանյութեր ավելացնելու հնարավորություն ստանալու համար օգտատերը պետք է հաստատի իր անձը՝ կայքի ադմինիստրացիային ներկայացնելով անձնագրի պատճենը:
Գրանցման նոր կանոնները, ինչպես բացատրում են իշխանությունները, ներդրվել են «հասարակության համար վտանգավոր», դաժանության կամ սեռական բռնության տեսարաններ պարունակող բովանդակության տարածումը կանխելու նպատակով:
«Համացանցը պետք է լինի քաղաքակիրթ և առողջ շփման միջավայր: Հարկավոր է մեխանիզմ, որը կօգնի կանխարգելել ինտերնետ-կայքերի օգտագործումը բռնության վրա հիմնված վուլգար արվեստի գործերի և պոռնոգրաֆիայի տարածման համար»,- ասված է հայտարարության մեջ: