Հասարակություն 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված համերգի հասույթը կուղղվի 9-ամյա երեխայի բուժմանը

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 7-ին անցկացվել է բարեգործական համերգ:
«Խոնարհում Կոմիտասին» խորագրով երեկոյին մասնակցել են բազմաթիվ երաժիշտներ: «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության նախաձեռնած համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 9-ամյա Գոռ Հայրապետյանին` բուժման նպատակով:

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության ղեկավար կազմի անդամ Սոնա Սիմոնյանը տեղեկացրել է, որ 9-ամյա Գոռը բուժման կարիք ունի:

«Գոռի մոտ ախտորոշվել է աջ ազդոսկրի դիստալ հատվածի օստեոգեն սարկոմա: Գոռին անհրաժեշտ է բուժում Գերմանիայում, նա անցել է քիմիաթերապիայի կուրսեր Երևանում, սակայն վիճակը գնահատվում է ծանր: Պետք է տեղափոխվի Գերմանիա, որպեսզի այնտեղ լիարժեք բուժում ստանա: Հասնելու և նախնական բուժում ստանալու համար անհրաժեշտ է 10 հազար եվրո գումար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է նա:

Սոնա Սիմոնյանը ընդգծել է, որ իրենց կազմակերպած առաջիկա բոլոր միջոցառումների գումարները տրամադրվելու են երեխային:

«Հուսանք, որ այլ անհատներ ևս կաջակցեն, և գումարն ավելի արագ կհավաքվի»,- հավելեց հասարակական կազմակերպության ղեկավար կազմի անդամը:

Համերգի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի և հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին մասնակցում էին Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանը (տերմենվոքս),  Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Վիկտորիա Ուլիխանյանը (դաշնամուր), Արամ Ասատրյանը (ջութակ), Ամալյա Բալոյանը (սոպրանո):

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հիմք է դրվել գեղեցիկ երաժշտական ավանդույթի: Թանգարան-ինստիտուտը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով. ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն: Կառույցի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը կնպաստի կոմիտասագիտության զարգացմանը, մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը:

Նույն շարքից