Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռոբերտ Սարգսյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Բոթոյանի և Վահրամ Մկրտչյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների և տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասաց, որ նպատակահարմար չեն համարում հարկային արտոնություններ նախատեսող ցանկացած բնույթի նախագծերի ընդունումը՝ հաշվի առնելով, որ փորձը ցույց է տալիս, որ նման արտոնությունների կիրառությունը բնակչության մոտ ձևավորում է արտոնությունից շարունակական օգտվելու սպասումներ, ինչը հանգեցնում է բնակչության հարկային կարգապահության մակարդակի նվազեցմանը:
Նախարարը նշեց, որ նախագծի վերաբերյալ բազմաթիվ դիտարկումներ կան, դրա համար Կառավարությունը դեմ է արտահայտվում այս նախագծի ընդունմանը, սակայն դրա վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց.«Կարծում եմ, որ մենք պիտի դեմ լինենք նման առաջարկների»։ Նա հանձնարարեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին` հասկանալ հարցի գինը:
«Դա մեր բյուջեն չէ, համայնքների բյուջեն է, եթե փորձում ենք արտոնություններ տալ ու վնասել համայնքների բյուջեն, դա ընդունելի չէ, այդ մասին առավոտյան ասել եմ նաև նախաձեռնողներին»,- ասաց վարչապետը։
Այսպիսով օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ֆիզիկական անձանց 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար շինությունների գույքահարկի գումարները մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը սահմանված ժամկետում չվճարելու համար 2011 թվականի հունվարի 1-ից 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, եթե օրենքն ուժի մեջ մտնելու պահին շինությունների համար չվճարված գույքահարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 0,1 մլն դրամը: