Հասարակություն Տնտեսություն 

Սարալանջի փողոցի հենապատի նորոգման աշխատանքները դեռ չեն ավարտվել.Երևանի քաղաքապետարան

Սոցիալական ցանցում տեղ գտած և այնուհետ որոշ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառված այսպես կոչված «ահազանգն» այն մասին , թե իբր Սարալանջի հին խճուղու դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհահատվածի հենապատի նորոգման աշխատանքները փչացրել են դրա տեսքն ու խախտել ճանապարհի այդ հատվածի ներդաշնակությունը՝ մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ահազանգի հեղինակները շափից դուրս շտապել են այն հնչեցնելիս, քանի որ հենապատի նորոգման, ամրացման և ճանապարհի այդ հատվածի բարեկարգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Այսպես կոչված «ահազանգի» հեղինակները և այն տիրաժավորողները եթե հետաքրքրվեին և պատշաճ հարցում կատարեին Երևանի քաղաքապետարան,  ապա կտեղեկանային, որ Սարալանջի  հին խճուղու հենապատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրի շրջանակներում:

Աշխատանքները սկսվել են մայիս ամսին և, համաձայն պայմանագրի,  նախատեսվում է ավարտել օգոստոսի 25-ին:  Կտեղեկանային նաև, որ, համաձայն նախագծի,  նախատեսված է վերանորոգումն իրականացնել հենապատի փլուզված և վնասված հատվածներում՝ պահպանելով նախկին տեսքը և ձևը:  Մասնավորապես՝ նորոգման աշխատանքների ընթացքում հենապատի այն հատվածները, որոնք մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը եղել են բետոնյա՝ վերանորոգվում են բետոնային շաղախով և սվաղվում,  իսկ նախկինում բազալտե կիկլոպային շարվածքով հատվածը, որը փլուզվել է՝ վերականգնվում է նույն շարվածքով, որի վրա կտեղադրվեն բազալտե թասակները:

Կից ներկայացվող լուսանկարներում հստակ երևում է, թե ինչ տեսք է ունեցել հենապատը մինչ նորոգման աշխատանքների մեկնարկը և ինչ տեսք ունի աշխատանքների ներկա փուլում»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նույն շարքից