Վերջին վեց ամսվա ընթացքում Հայաստանում վտանգված հուշարձանների թիվն ավելացել է։ Մասնագետների կարծիքով՝ գրեթե բոլոր մարզերում գերխնդիրը շարունակում է մնալ հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունը, ինչը լուրջ խոչընդոտ է հուշարձանի պահպանության գործում, երբեմն էլ տեղական ինքնակառավարման մարմինների ու անհատների հետ վեճերի առիթ է դառնում: Պահպանական գոտիների բացակայությունը լուրջ խնդիր է հարուցում նաև իրավախախտումներն արձանագրելու և դրանք վերացնելու ընթացքում:
Խնդիրներն արձանագրվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ` Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի մարզային ծառայությունների, «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Արփի» բնապատմական արգելոցի, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի ընթացիկ տարված առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման ընթացքում՝ հուլիսի 8-ին։ Հաշվետվության ընթացքում զեկուցումներով հանդես են եկել մարզային ծառայությունների պետերն ու մասնաճյուղերի վարիչները:
Հուլիսի 9-ին կամփոփվեն Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Երևանի ՊՄՊ մարզային ծառայությունների և «Լոռի Բերդ» քաղաքատեղի պ/մ արգելոցի, «Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի և «Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-թանգարանի աշխատանքները: