«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, ՀՀ-ում մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարից և գնահատական հնչեցնելով այդ պայքարի քաղաքական կամ քաղաքացիական լինելու մասին, ասաց, թե դա այնքանով քաղաքական պայքար չէ, որքանով որ քաղաքական իշխանության հասնելուն ուղղված պայքար չէ, նույնիսկ կոչերում քաղաքական պահանջներ չեն դրվում:
«Այս շարժումը չունի քաղաքական նպատակ, և իրենք շատ ազնիվ են, որ ասում են, թե մենք քաղաքական չենք: Թե արմատներում որքանով է քաղաքական, դա այլ հարց է»,-նշեց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ ոստիկանությունը չէ, որ պետք է լուծի սոցիալական և տնտեսական հարցերը:
«Այն, որ կառավարությունը բերում և ցուցարարների առաջ ոստիկաններ է կանգնեցնում, դա խոսում է տվյալ կառավարության անօգնականության մասին: Ուժային մեթոդներն այստեղ արդյունավետ չեն: Ապաշնորհ, անօգնական կառավարում ունենք, որտեղ ծագում են նմանատիպ խնդիրները: Եթե խնդիրների լուծումը շենքային պայմանների ներսում լուծում չի գտնում, ապա այբուբենի նման մի բան է, որ հասարակությունը պետք է իր պայքարը դրսում գտնի»,-հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Անդրադառնալով «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող անդամ Վաղինակ Շուշանյանի կոչին, Լարիսա Ալավերդյանն ասաց, թե չաշխատելը մեթոդ չէ, պետք է աշխատես, որ «մուսկուլ» գցես:
«Այս պահանջը խոսում է այն մասին, որ հասարակությունը պահանջատեր է իր կողմից ընտրված պատգամավորների վրա: Սակայն չեմ կարծում, որ այս մեթոդով շոշափելի արդյունքների կհասնենք մեր պայքարի մեջ»,-ասաց նա:
Դավիթ Սանասարյանի գործողությունների մասին էլ խոսելով՝ Լարիսա Ալավերդյանն ասաց, թե դեմ է քաղաքական հացադուլներին:
«Դա ոչ թե չաշխատող գործիք է, այլ անլուրջ վերաբերմունք կա հացադուլի երևույթին թե՛ հասարակության շրջանում, թե՛ քաղաքական գործիչների մոտ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: