Հասարակություն գլխավոր 

Սկսվել է «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հավակնորդների առաջադրումը

Սկսվել է Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի կողմից հիմնադրված «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի հավակնորդների առաջադրումը, գրում է Mediamax.am-ը:

«Ավրորա» մրցանակը (Aurora Prize for Awakening Humanity) «100 կյանք» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է: Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը տրվել է ս.թ. մարտին Նյու Յորքում:

Հավակնորդների առաջադրման մեկնարկի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանը և Enough Project-ի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգեսթը ամերիկյան The Huffington Post-ում հրապարակել են «Մարտահրավեր հանրությանը. գտնել մարդակությունն անմարդկայինի մեջ» (A Public Challenge: Find Humanity in the Inhumane) համատեղ հոդվածը:

«Աննկարագրելի վտանգի պայմաններում խիզախություն ցուցաբերած մարդկանց երախտագիտություն հայտնելու նպատակով այս տարվա մարտին մենք նախաձեռնեցինք «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակը: Այս մրցանակը ամեն տարի կտրվի այն անհատներին կամ խմբերին, ովքեր անցել են աննկարագրելի փորձությունների միջով՝ այլոց կյանքը փրկելու համար»,- նշել են հոդվածի հեղինակները:

Մրցանակի հաղթողը կստանա 100 հազար ԱՄՆ դոլար, ևս 1 մլն ԱՄՆ նա կփոխանցի այն բարեգործական կազմակերպությանը, որը ոգեշնչել է իրեն:

«Սա լիովին համապատասխանում է Ավրորա մրցանակի ստեղծման գաղափարին և նպաստում է մարդկանց օգնության ձեռք մեկնելու շրջափուլի մեկնարկին: Այս մրցանակը միտված է հավասարապես և՛ անցյալին, և՛ ապագային՝ երախտիք հայտնելով անցյալում ինքնազոհաբերության օրինակների հեղինակներին և միաժամանակ աջակցելով մարդասիրական քայլերը: Այս մրցանակը ճանապարհ է հարթում՝ օգնելու և ֆինանսապես աջակցելու ապագայում խիզախության և կարեկցանքի դրսևորումները»,- ասված է հոդվածում:

«Ավրորա» մրցանակը առաջին անգամ շնորհվելու է Երևանում՝ 2016 թվականի ապրիլին: Մրցանակը հանձնելու է ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին, որը ժյուրիի համանախագահն է:

«100 կյանք» նախաձեռնության կայքում ցանկացած մարդ կարող է «Ավրորա» մրցանակի հավակնորդներ առաջադրել՝ սեղմելով Առաջադրել կոճակը:

Նույն շարքից