2015 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալներն ավելացել են համապատասխանաբար՝ 1,2 և 33,3 տոկոսով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին մեր երկրում արտադրվել է 17,5 տոննա գորգեր և գորգեղեն՝ նախորդ տարվա 17,3 տոննայի դիմաց:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա հինգ ամիսներին արտադրվել է 1 265.2 հազար հատ տրիկոտաժեղեն, իսկ 2014թ-ի հունվար-մայիսին՝ 949.1 հազ.հատ:
Հունվար-մայիսին 17.6 տոկոսով աճել են նաև գուլպեղենի արտադրության ծավալները. 2015թ-ի հինգ ամիսներին արտադրվել է 2 486.9 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2014թ-ին՝ 2 115.4 հազ. զույգ:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում նվազել են բամբակյա գործվածքների արտադրության ծավալները: Եթե 2014թ-ի հինգ ամիսներին հանրապետությունում արտադրվել է 6,2 տոննա բամբակյա գործվածք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 3,4 տոննա, ինչը 45.2 տոկոսով պակաս է: