Այսօր` հուլիսի 3-ին, «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը մամուլի ասուլիսով ներկայացրեց նախագծի առաքելությունը, ձեռքբերումները և առաջիկա հիմնական ծրագրերը: Ասուլիսի բանախոսներն էին «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրեն և «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը և ՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:
«Ոսկե Ծիրանի անբաժանելի մաս կազմող ՌԱՍ ծրագիրը և նմանատիպ արտադրական ծրագրերը կարևորվում են փառատոնների ժամանակ: Մեր փառատոնը ևս շատ է կարևորում կինոարտադրությունը և հատկապես ազգային կինոարտադրությունը: Մենք կարևորում ենք միջազգային կապերի ստեղծումը, ինչի միջոցով հայկական կինոն և հայ երիտասարդ ռեժիսորներն ու պրոդյուսերները կարող են ինտեգրվել Եվրոպական կինոարտադրության գործընթացի մեջ», - նշեց Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
ՌԱՍ նախագիծը հիմնադրվել է 2011թ. հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում: «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ՌԱՍ նախագիծը նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառում: Մասնավորապես, հուլիսի 15-17-ին տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը (վայրը` Անի Պլազա հյուրանոց), որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությունը:
«Այս տարի հուլիսի 15-17-ը տեղի կունենա ռեժիսորներ առանց սահմանների 8-րդ համատեղ արտադրության ֆորումը: Սա արտադրական հարթակ է, որը թույլ է տալիս, որ սաղմնային վիճակում գտնվող նախագծերը դառնան ֆիլմեր: Մենք ստացել էինք 28
նախագիծ, որոնցից ընտրվել են 14-ը, որոնք մասնակցելու են ֆորումին և մրցելու են զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար», - ասաց ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը:
Որպես դասավարներ` հրավիրված են Eastern Europe German Films-ի ներկայացուցիչ և Saxonia Entertainment-ի Producer Documentaries-ի ղեկավար՝ Սիմոնա Բաումանը, ARTVIVA –ի նախագահ և Film TEEP-ի նախագահ՝ Ռուքսանդռա Չեռնատը, Եվրոպական համարտադրության ֆոնդի և Eurimages-ի ֆրանսիացի պատվիրակ, Ֆրանսիայի կինոկենտրոնի միջազգային համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար՝ Ջուլիեն Էզզանոն:
Ֆորումի ժյուրիի կազմում կընդգրկվեն Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, ARTVIVA-ի նախագահ և Film TEEP-ի ղեկավար Ռուքսանդրա Չեռնատը, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրերի համադրող Եվգենի Գուսիատինսկին, “Ոսկե ծիրան” Երևանի ՄԿՓ-ի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը, գերմանացի պրոդյուսեր Քրիստին Հաուփթը, Belgrade Industry Meetings B2B-ի ղեկավար և ART & POPCORN MOTION PICTURE COMPANY-ի գլխավոր պրոդյուսեր Միրոսլավ Մոգորովիչը և պրոդյուսեր, «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը:
ՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանն էլ ներկայացրեց Ֆիլմեր առանց սահմանների կինոծրագիրը: Ծրագրում կներկայացվեն 17 թեմատիկ հետաքրքրական ֆիլմ՝ ստեղծված Արևելյան Գործընկերության երկրներում և Թուրքիայում վերջին տարիներին: Ցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում` «Մոսկվա» եւ «Նաիրի» ՚կինոթատրոններում: Ծրագրի բացումը տեղի կունենա հուլիսի 14-ին «Մոսկվա» ՚կինոթատրոնի կարմիր դահլիճում «Եղբայրներ. Վերջին խոստովանությունը» (ռեժ.` Վիկտորյա Տրոֆիմենկո, Ուկրաինա) ֆիլմի ցուցադրությամբ: Սուսաննա Հարությունյանը, ֆիլմի պրոդյուսեր Իգոր Սավչիենկոյի և Հայաստանում ԵՄ Պատվիրակության համագործակցային բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մեդինայի հետ կներկայացննեն ֆիլմը հանդիսատեսին:
Արմինե Բրսոյան