Հայաստան Քաղաքական գլխավոր 

Վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը

ԱՄՆ Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովը սենատոր Մարկ Քըրքի նախաձեռնությամբ վերահաստատել է Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրելու ծրագիրը, որն առաջին անգամ մեկնարկել է 1998թ-ին: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև կարևորել հակամարտության հետևանքով բոլոր տուժածներին շարունակական բնույթ կրող օգնության տրամադրման անհրաժեշտությունը:

Բացի այդ, ԱՄՆ օրենսդիրները կարևորել են Լեռնային Ղարաբաղի տարածքով մեկ` հատկապես ներքին` ոչ սահմանային, ու գյուղատնտեսական նշանակություն ունեցող տարածքներում ականազերծման ծրագրի ֆինանսավորումը:

Արտաքին հատկացումների հանձնաժողովն առաջարկել է 20.06 մլն դոլարի տնտեսական օգնություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև 1.7 մլն դոլար` որպես ռազմական օգնություն և ևս 600.000 դոլար` ռազմական մարզումներ անցկացնելու համար: Հայտնի է, որ հարևան Ադրբեջանի ու Վրաստանի համար օրենսդիրներն առաջարկել են որպես տնտեսական օգնություն տրամադրել 8.778 մլն և համապատասխանաբար 54 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը 2014-ին կազմել է 2 մլն դոլար։

Նույն շարքից