Մեր տեղեկություններով, չափազանց լարվել են ՀՀ ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանի և Գռզոյի հարաբերությունները: Նրանց կոնֆլիկտի բուն պատճառը խանդի զգացումն է՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ:
Արմեն Երիցյանը պնդում է, որ Աբրահամյանը ԻՐ վարչապետն է, իսկ Գռզոն ամենուրեք աղաղակում է, որ Հովիկ Աբրահամյանը պատկանում է միայն իրեն: Գռզոն տարիների ընթացքում տարբեր պաշտոնյաներին սիրելու և խանդելու հսկայական փորձ ունի, ուստի Արմեն Երիցյանը նրան այս առումով պարտվում է:
Ըստ մեր տեղեկությունների, Գռզոն ամեն ինչ արել է, որպեսզի հայտնվի վարչապետի հետ նույն պատվիրակությունում: Հովիկ Աբրահամյանը փորձել է նրբանկատորեն առարկել Գռզոին ասելով, որ ճիշտ չի դիտվի հարկատուների հաշվին Գռզոյի ճամփորդությունը: Գռզոն չի հանձնվել՝ վարչապետին խնդրել է իրեն անպայման մտցնել պատվիրակության կազմի մեջ՝ թե իր և թե պատվիրակության մեջ ներառված ևս մի քանի հոգու ծախսեր նա փակելու է սեփական գրպանից:
Այսպիսով՝ ստացվում է, որ սա առաջին պետական պատվիրակությունն է, որում ընդգրկված մարդն իր ծախսերով է մասնակցում: Նախանձելի է Աբրահամյանի հնարամտությունը, եթե վարչապետը Գռզոյի նման ևս մի քանի հոգի ճարի, ով տենչում է իր կողքին լինել այցերի ժամանակ, հարկատուների վրայից իսպառ դուրս կգա պետական այցերի ծանր բեռը: