Հունիսի 23-28-ը ՌԴ Անապա քաղաքում կայացել է Սպորտային պարերի 11-րդ միջազգային որակավորման մրցաշարը: Ավանդական դարձած այս մրցաշարը վառ իրադարձություն է Անապայի մշակութային և սպորտային կյանքում, ինչի վառ ապացույցը մասնակիցների, ինչպես նաև հանդիսատեսի` տարեցտարի ավելացող աշխարհագրությունն ու քանակն է:
Սպորտային պարերի մրցաշարում ԱՊՀ տարբեր երկրներից և ՌԴ 47 քաղաքներից մասնակիցները ներկայացել են ըստ տարիքային խմբերի և պարերի տեսակի:
Մրցաշարում Հայաստանն այս տարի ներկայացրել են մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի «Էմբոլադա» սպորտային պարերի համույթի սաները:
Իսպանիայի, Իտալիայի, Ղրղըզստանի և Մոլդովայի հայտնի պարուսույցներից կազմված ժյուրիի մասնագիտական գնահատականների արդյունքում 12-15 տարիքային խմբում «բրեյք դանս» պարային ոճում հաղթող է ճանաչվել «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի սան Ալեքսանդր Բաբկան: Նույն տարիքային խմբի «հիփ-հոփ» պարային ոճում 2-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է նույն կենտրոնի սան Միլենա Խաչատրյանը:
Պատանի պարողները մեդալներից բացի արժանացել են նաև պատվոգրերի:


