Հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանը դեռեւս Հայաստանում է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վիրավորված զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը, հայտնեց, որ որդին Գերմանիա է տեղափոխվելու մինչեւ հուլիսի վերջ:
«Անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ուղարկել ենք գերմանական կլինիկա, սպասում ենք, որ իրենք վիզայի համար դիմեն Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն»,- ասաց Նաիրա Գալստյանը՝ հավելելով, որ Գեւորգի վիճակը նույնն է:
Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին, վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն արտասահմանում:
Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար Յունիբանկ-ում բացվել էր հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով: Անհրաժեշտ 56 հազար ԱՄՆ դոլարից 43 հազարը հավաքվել էր հանգանակություններով: Մնացած մասը մայիսի 7-ին փոխանցել էին կառավարության անդամները: