Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկին հաշված ժամեր են մնացել:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հուլիսի 12-19-ն անցկացվող տասներկուերորդ կինոտոնի առանձնահատկությունները:
Փառատոնի այս տարվա հյուրերի ցանկն աստղառատ է: Նախ՝ իտալացի կինոդիվա Օռնելա Մուտին իր ներկայությամբ կզարդարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Հայ հանդիսատեսին նա առավելապես ծանոթ է «Անսանձի սանձահարումը» (1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան:
Նաստասյա Կինսկին նույնպես կլինի «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերից: Գերմանացի դերասանուհին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմում, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Մեկ այլ անակնկալ՝ ֆրանսիահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիկյանը կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին: Գեդիկյանն արդեն 35 տարի է ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: Այդ ֆիլմով էլ կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը: Դե, իսկ փակման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Նամուսն» է: Ի դեպ, Գեդիգյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսից կստանա «Եղիցի լույս» մրցանակը:
Երևան կժամանի նաև ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պատրիկ Շենեն: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա նրա մասնակցությամբ Ստեֆան Բրիզեի «Ես սիրվելու համար չեմ այստեղ» ֆիլմի պրեմիերան, իսկ լեհ անվանի ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին վարպետության դաս կանցկացնի:
Երևանյան պրեմիերաներ
Հայ կինոսերները հնարավորություն կունենան դիտել Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած Ջաֆար Փանահիի «Տաքսի» (Իրան, 2015), անվանի շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ի մրցանակակիր սև կատակերգությունը՝ «Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին» (Շվեդիա/Նորգեգիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2014) և ամերիկացի անկախ կինոգործիչ Ռոբ Նիլսոնի «Կամուրջ դեպի սահման» (ԱՄՆ, 2014) ֆիլմերը:
Հայոց ցեղասպանության տարելից
Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ 12-րդ «Ոսկե ծիրան»-ի առանցքում կլինեն թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնի շրջանակներում կիրականացվի Մեծ Եղեռնին նվիրված երկու ծավալուն ծրագիր՝ «Մենք կանք» և «Այլևս երբեք»: Կցուցադրվեն մասնավորապես Ատոմ Էգոյանի «Արարատ», Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ», Հենրիկ Մալյանի «Նահապետ», Ֆրունզե Դովլաթյանի «Կարոտ», Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» և բազմաթիվ այլ կինոնկարներ:
Հարգանքի տուրք
Այս տարի ևս «Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն` նվիրված Հենրիկ Մալյանի և Հենրիկ Մարգարյանի 90, Լևոն Աթոյանցի 85 և Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին: Կցուցադրվեն Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» (Հայաստան, 1980), Հենրիկ Մարգարյանի «Տերտերին ուխտը» (1964), օպերատոր Լևոն Աթոյանցի նկարահանած«Ավդոյի մեքենան» (1966), ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սպիտակ քաղաք» (1988) ֆիլմերը:
Մրցութային ծրագիր
Փառատոնի մրցութային ծրագիրը բազմազան է: Այստեղ ևս յուրաքանչյուր կինոսեր իր ճաշակին համապատասխան ֆիլմ կգտի: Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1600 հայտ` 105 երկրից: Ընտրված 76 ֆիլմից 12-ը կմրցեն Միջազգային խաղարկային, 13-ը` Միջազգային վավերագրական, 17-ը`Հայկական համայնապատկեր, և 34-ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է 26 երկիր:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։