Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ երեկոյան տեղի ունեցավ "Ոսկե ծիրան" Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Մրցանակների հանձնման արարողությունից հետո "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ի դեմս քաղաքապետի դարձել է փառատոնի սյուներից մեկը, և բեմ հրավիրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ում հանձնեց կինոփառատոնի հատուկ մրցանակ՝ «Մանթաշյանց Ասպետ» ոսկե շքանշան ՝ լավագույն հովանավորության համար:
«Շնորհակալ եմ: Հարգելի ներկաներ, հյուրեր ողջունում եմ Ձեզ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Երևանում գտնվելու համար: Վերջին 11 տարին Երևանցիների համար տոն է: Հաճելի է նկատել, որ փառատոնի օրերին իսկապես մեծ ոգևորություն էր նկատվում մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ Երևանը «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնին ավելի շատ ներկայացուցիչներ և հյուրեր է ունենալու, և երևանցիները դռները բաց հյուրընկալ սպասելու են նրանց: Շնորհակալություն եմ հայտնում Հարություն Խաչատրյանին, ում ջանքերի շոնրհիվ կայանում է այս փառատոնը: Շնորհավորում եմ բոլորիս», - ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Հարություն Խաչատրյանը և Տարոն Մարգարյանը «Ոսկե Ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը հայտարարեցին փակված:
Ի դեպ, կինոփառատոնի փակումից հետո քաղաքապետը հասցրեց նաև շրջել Կարապի լճի տարածքում, որտեղ անցկացվում էր «Ձմերուկի փառատոնը»:
Արմինե Բրսոյան
Նկարները՝ Քրիստինա Դանիելյանի