Հայաստան Քաղաքական գլխավոր 

ՅՈՒՆԵՍԿՕ- ն միակ կառույցն է, որը ամենօրյա պաշտպանության է վերցրել մշակույթի խնդիրները. Է․ Նալբանդյան

2015 թ. հուլիսի 11-13-ը Երևանում անցկացվում է «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «ԵՏ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսը՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին: Կոնֆերանսին մասնակցում են շուրջ 112 մարդ պատվիրակներ 45 երկրից և միջազգային կազմակերպություններից:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր բացման խոսքում ասաց, որ այսօր հավաքվել են լրջագույնս քննարկելու այն խնդիրները, որոնք բոլորին հուզում են:

Նախարարը շեշտեց, որ անշուշտ Հայաստանը պետք է ունենա իր ներդրումը՝ ոչ միայն հուզող հարցերի քննարկման հարցում, այլ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի առիթով։

«Մեզ համար այսօր ՅՈՒՆԵՍԿՕ- ն որպես կառույց չափազանց կարևոր է, որ քանի որ այն միակ կառույցն է, որը ամենօրյա պաշտպանության է վերցրել մշակույթի խնդիրները»,-ասաց նա և պատահական չհամարեց, որ կոնֆերանսը անց է կացվում Մատենադարանում, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում։

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նկատեց, որ թվով երրորդ այս համաժողովը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի հետ։ Նա նշեց, որ այս համաժողովը նաև ներկայիս մարտահրավերների և ձեռքբերումների ամփոփումն է:

«Միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավարար չեն ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և միջքաղաքակրթական տևական համերաշխության համար, այս առումով ոչ պակաս կարևորագույն նշանակություն ունի մշակութային գործոնը»,-ասաց նա։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ նրան, որ այսօր շատ ազգերի ազգային մշակութային արժեքներ արմատախիլ են արվում։

«Կրոնական և ազգային ատելության դրսևորումները հավասարապես ուղղված են մշակութային կոթողների դեմ: Այլոց մշակութային արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը պետք է վճռականորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից։ Մշակույթը սերունդների միջև կամրջող օղակ է, և դա է պատճառը, որ առաջին հերթին փորձում են ավերել մշակութային կոթողները»,-ասաց նա և անհերքելի համարեց մշակույթի դերը մարդու զարգացման գործում։

Նա կարևորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Միացիր հանուն ժառանգության» կարգախոսը, որը միտված է կանխարգելելու մշակութային վանդալիզմը։

«Այսօր կայուն զարգացման հրամայականը ավելի քան արդիական է, անհերքելի է մշակույթի դերը կայուն զարգացման գործում, որի առանցքում մարդը և հասարակությունն է», -ասաց նա։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դը Արմենիանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Մատենադարանում։ Նա նկատեց, որ այս միջոցառումը համընկնում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետ, ինչը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը և նվիրվածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերին։

Նշենք, որ Կոնֆերանսի շրջանակում կկայանան «Մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. օրակարգից հետո. նոր իրականություն և հեռանկարներ» խորագրով լիագումար և «Մշակույթի ապագան. Ապագայի մշակույթը» եզրափակիչ նիստերը, ինչպես նաև «Մշակութային ժառանգությունը` որպես մարդկային համախմբման և հոգևոր հաղորդակցման գործոն», «Մշակութային բազմազանությունը միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման երաշխիք», «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվող աշխարհում» խորագրերով թեմատիկ սեղանները:

Կոնֆերանսին արտերկրից մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵՄ և տարբեր երկրների մշակույթի նախարարներ, փոխնախարարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա պետությունների մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, Հայաստանից՝ շահագրգիռ գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նույն շարքից