Հուլիսի 10-ին ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի հսկողության ներքո Սևանա լճի Վարդենիսի տարածաշրջանի Կարճաղբյուր գետի գետաբերանում բաց է թողնվել իշխանի 200.000 մանրաձուկ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից մանրաձկան անհատույց տրամադրման գործընթացի շրջանակում:
Միջոցառմանը հետևել են նաև բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
«Չենք կարող ասել, որ այս քանակությամբ մանրաձուկ բաց թողնելով ամբողջովին խնդիրը լուծում ենք, սակայն հետևողականորեն գնում ենք այդ ուղղությամբ», - ասել է բնապահպանության նախարարը: Նրա խոսքով՝ նախատեսվում է նոյեմբերին ևս 370.000 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, և մինչև տարեվերջ մանրաձկան թիվը կհասնի մոտ 600.000-ի:
Գրիգորյանը նկատել է, որ այդ միջոցառման արդյունքը տեսանելի կլինի մեկ-երկու տարի հետո:
Նախարարը նաև նշել է, որ այսօր գոյություն ունի մեկ խնդիր` որսագողությունը: «Պետք է մեր առաջ խնդիր դնենք` տարածքի ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման խնդիրը, որպեսզի ձկան ձվադրման շրջանում և ընդհանրապես որսագողությունը նվազեցնենք», - ասել է նա:
Գեղարքունիքի մարզպետը ներկայացրել է Սևանա լճում ձկնապաշարների մոնիթորինգի ընթացքը և բաց թողնվող մանրաձկան որակական ցուցանիշները:
Նախարարի հրամանով ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հանձնարարվել է մանրաձկան բացթողնման վայրերում երեք օր կազմակերպել շուրջօրյա հսկողություն: