Հայաստանը շատ կարևոր դեր է կատարում մշակութային ոլորտում և հատկապես միջմշակութային երկխոսություններում։ Այս մասին «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դը Արմենիանը։
«Իրականում Հայաստանը, մասնակցություն ունենալով այս միջմշակութային երկխոսության մեջ, ձեռք է բերել իր սեփական ինքնությունը հենց այս մշակութային պատմության մեջ»,-ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե երբ հարևան երկրներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր ձեռնարկելո՞ւ է, Ալֆրեդո Պերես դը Արմենիանը նախ նշեց, որ այս հարցին չի կարող պատասխանել, քանի որ չի ցանկանում անդրադառնալ երկրների միջև բազմակողմանի հարաբերություններին։
Լրագրողի ճշտմանը, թե խոսքը հուշարձանների ոչնչացման երևույթի մասին է, նա պատասխանեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ կոնվենցիաների նպատակը հենց մշակութային ժառանգությունները պահպանելն է, և կառավարությունները նույնպես սրանում մեծ դեր ունեն։
Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն լծակներին՝ նա ասաց. «Դա հիմնականում կախված է տարբեր երկրներում առկա կոմիտեներից, երբեմն նրանք հավաքական որոշում չեն կարողանում կայացնել, որովհետև կան որոշ երկրներ, որոնք պետք է քննարկեն»։