Ռուսաստանցի հայտնի գործարար Գերման Ստերլիգովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ հարցազրույցում ներկայացրել է, թե ինչ պատճառով է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Բիզնեսմենի խոսքով, ընտանիքի հասցեին բազմաթիվ սպառնալիքներ են հասել, որոնք, ըստ նրա, պատվիրված գործեր են. «Դրանք պատվիրված գործեր են, ցանկանում են ոչնչացնել ինձ և իմ ընտանիքը: Այդ պատճառով էլ ես գերադասեցի գալ այստեղ»:
Ստերլիգովը պատմել է, որ սկզբում որոշել էր հաստատվել Լուգանսկի ազգային հանրապետությունում. «Ես նայեցի նրանց ղեկավարությանը և ինձ դուր չի գալիս իրենց քաղաքականությունը: Արդյունքում որոշեցի հաստատվել ԼՂՀ-ում»:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի բնության և օգտակարության մասին, Ստերլիգովը նշել է. «Ղարաբաղը մատչելի ապրանքների աղբյուր կարող է լինել ռուսական քաղաքների համար: Այստեղ այնքան տարբեր մրգեր և բանջարեղեն կա, որոնք կարելի է վերամշակել և տանել Ռուսաստան: Այստեղ կարելի է պատրաստել օգտակար հյութեր, գինի»:
Ստերլիգովի խոսքով, Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է, որը մի մեծ առավելություն է, քան եվրոպական և ամերիկյան քաղաքները. «Այստեղ չեն գալիս և չեն խանգարում մարդկանց իրենց հոգևոր կյանքում»:
Լրագրողի հարցին, թե որքանով է գործարարն այստեղ անվտանգ ապրում, Ստերլիգովը պատասխանել է, որ կա մտավախություն, որ իրեն փնտրողները կարող են նաև գալ այստեղ: