«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 14-ին հավաք-երթ է անցկացնելու դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը:
Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտնեց, որ հիմնական համակարգող խումբն աշխատում է միասին և շարունակելու են իրենց մարզային հանդիպումները:
Նախաձեռնության մյուս անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ իր հերթին նշեց, որ իրենց նախաձեռնության և մյուս նախաձեռնությունների, կուսակցությունների միջև պառակտում չկա, քանի որ բոլորն էլ իրենց դերն ու ներդրումն են ունեցել պայքարում:
Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ իրենք իրենց պայքարը որոշեցին շարունակելու այլ հարթակում. ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու հայտարարությունից հետո անմիջապես հանձնախումբ ենք ստեղծել՝ ներգրավելով մասնագետների՝ հասկանալու համար աուդիտի հետ կապված հարցեր, հստակեցնելու, թե ինչ է իրենից ենթադրում աուդիտը, նամակներ ենք հանձնել պատկան մարմիններին՝ կոնկրետ հարցերի վերաբերյալ հստակ պատասխաններ ստանալու համար, քանի որ ամեն ինչ բավականին լղոզված է: