Մշակույթ Հասարակություն 

Ցանկացել եմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ

Երկար ժամանակ ցանկացել եմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, այնպիսի ֆիլմ, որը հայկական իրականությունը ներկայացնող ռեզյումե կլիներ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ֆրանսիահայ կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանը, ում «Խենթ պատմություն» ֆիլմով նախօրեին բացվեց «Ոսկե ծիրան» 12-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը:

Ֆիլմը պատմում է Հայոց Ցեղասպանության հետեւանքով Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի ժառանգորդի մասին, ով փափագում է վրեժ լուծել թուրքերից և, ի վերջո, դառնում է «ԱՍԱԼԱ»-ի անդամ: Ֆրանսիայում թուրք դեսպանի դեմ Արամի իրականացրած մահափորձի ժամանակ վիրավորվում է մի ֆրանսիացի երիտասարդ` զրկվելով իր ոտքերից: Արամի ընտանիքն իմանում է այդ մասին և փորձում ամեն կերպ օգնել երիտասարդին:

«Հարկավոր էր պատմել Հայոց ցեղասպանության մասին, հայ մոր կերպարի մասին, ով ֆիլմի մեջ ընդունում է իր որդու զոհողությունը, իսկ հետո մի փոքր գլոբալացնելով ֆիլմը՝ հայի պատմությունը դարձնել պատմություն մի ողջ ազգի»:

Գեդիգյանը նշեց, որ «Խենթ պատմություն» ֆիլմը ներկայացվել է միայն Կաննի կինոփառատոնում, նոյեմբերին այն կցուցադրվի ֆրանսիայում, իսկ հաջորդը` Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում, ինչպես նաև ասիական ու սկանդինավյան երկրներում:

Նշենք, որ ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանը գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:

Նույն շարքից